Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանի հայ գործիչները մտադիր են հանրահավաք անել և Իրանի բարձրաստիճան պատասխանատու պաշտոնատար անձանց դիմել՝ Բաքվի վրա ճնշում գործադրելու, ԼՂ շրջափակումը դադարեցնելու գործին աջակցելու խնդրանքով

Իրանի հայ գործիչները մտադիր են հանրահավաք անել և Իրանի բարձրաստիճան պատասխանատու պաշտոնատար անձանց դիմել՝ Բաքվի վրա ճնշում գործադրելու, ԼՂ շրջափակումը դադարեցնելու գործին աջակցելու խնդրանքով
Հասարակություն
11:27, 01 август 2023
Իրանում գործող հայկական հասարակական սեկտորի մի խումբ ներկայացուցիչներ  նախատեսում են օգոստոսի 4-ին հանրահավաք անցկացնել՝ Լեռնային Ղարաբաղի բլոկադան դադարեցնելու, Արցախում մարդկային աղետը կանխելու, Արցախում տիրող իրավիճակի  վրա իրանական իշխանությունների  ուշադրությունը սևեռելու, նրանց նամակներ հղելու  նպատակով։ Այս մասին Civic.am-ը տեղեկացավ  Թեհրանի Հայոց թեմի պատգամավորական ժողովի «Միասնության դաշինք»-ի անդամ Ռուբիկ Սարդարյանի ֆեյսբուքյան էջից։ 

«Իրանահայ մարզամշակութային և հասարակական մի շարք միություններ և ազգային-հասարակական գործիչներ, ի մի գալով «Միասնության Դաշինքի» անվան ներքո, հուլիսի 24-ին նիստ գումարեցին Իրանահայ Ազգային ու Մշակութային Միության հարկի տակ, ուր մտքերի փոխանակում կատարեցին և համապատասխան որոշումներ կայացրին այս կապակցությամբ հնարավոր քայլեր ձեռնարկելու ուղղությամբ։ Այս հանդիպման ընթացքում մասնակիցները հանգեցին այն եզրակացության, որ առաջին հերթին անհրաժեշտ է Արցախում տիրող պայմանների մասին տեղեկատվական նամակ-հայտարարություններ, ապա և օգնության դիմումներ հղել Իրանի բարձրաստիճան պատասխանատու պաշտոնատար անձանց, որով և խնդրել, որպեսզի Իրանի Իսլամական Հանրապետությունը, օգտվելով իր միջազգային հեղինակությունից ու լծակներից, աջակցի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը դադարեցնելու գործին, ճնշում գործադրի Բաքվի իշխանության վրա՝ բացելու Լաչինի միջանցքը»,- ասված է Սարդարյանի գրառման մեջ։ 

«Միասնության Դաշինքը», Սարդարյանի հավաստմամբ,  նախատեսում է այլ միջոցառումներ ու քայլեր ևս, որոնց համար ակնկալվում է Իրանում հայկական  համայնքի բոլոր անդամների աջակցությունն ու համագործակցությունը՝ անկախ նրանց գաղափարներից ու միութենական պատկանելությունից:  

Օգոստոսի 4-ին, ժամը 18-ին, ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում նախատեսվում է ժողովրդական հանրահավաք՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի, որտեղ կպատրաստվի ու կհրապարակվի հանրահավաքի բանաձևը  և  կհղվի Իրանի մի շարք պետական մարմիններին, ՄԱԿ-ի գրասենյակին, ինչպես և իրանական մամուլին ու լրատվամիջոցներին: 

«Ուստի, նկատի ունենալով մեր առջև դրված նպատակի լրջությունն ու մեծ պատասխանատվությունը, դիմում ենք բոլոր մեր հայրենակիցներին մասնակցելու այս հանրահավաքին՝ թիկունք կանգնելու ցեղասպանության վտանգին ենթակա Արցախին: 

ՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ և ԿԱՆԽԵԼ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՂԵՏԸ»,-մասնավորապես ասված է պատգամավորի գրառման մեջ։