Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում ԱՄՆ դեսպանության հյուպատոսական բաժնի խորհուրդը՝ վիզայի հարցազրույցի ներկայացողներին

Հայաստանում ԱՄՆ դեսպանության հյուպատոսական բաժնի խորհուրդը՝ վիզայի հարցազրույցի ներկայացողներին
Հասարակություն
17:01, 11 август 2023
Հայաստանում ԱՄՆ դեսպանության հյուպատոսական բաժինը տեղեկացնում է, որ հարցազրույցի ներկայացող բոլոր անձինք դեսպանատուն մուտք գործելիս պետք է անցնեն անվտանգության զննում։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից, որը վիզայի հարցազրույցի ներկայացողներին խորհուրդներ է տվել։

«Մի շարք իրեր ու առարկաներ (օրինակ՝ դյուրակիր համակարգիչ, խելացի ժամացույց, էլեկտրոնային կամ մարտկոցով աշխատող սարքեր, մեծ պայուսակներ, կոսմետիկ պարագաներ և այլն) դեսպանատան տարածքում չեն թույլատրվում։

Նկատի ունեցեք, որ ԱՄՆ դեսպանատանն արգելված իրերը պահ տալու հարմարություն չկա, ուստի եկեք առանց դրանց»,-նշվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ ԱՄՆ դեսպանատուն մուտք գործելիս չեք կարող ձեզ հետ ունենալ հետևյալ իրերն ու առարկաները․
  • մարտկոցով աշխատող կամ էլեկտրոնային սարքեր, օրինակ՝ բջջային հեռախոսներ, թվային օրագրեր, խելացի ժամացույցներ, փեյջերներ, տեսախցիկներ, աուդիո/վիդեո երիզներ, կոմպակտ սկավառակներ, MP3-ներ, ճկուն սկավառակներ, նոութբուք համակարգիչներ կամ դյուրակիր նվագարկիչներ․
  • ուսի խոշոր պայուսակներ. թույլատրվում են միայն ձեռքի փոքր պայուսակներ
  • մեծ պայուսակներ, օրինակ՝ ճամփորդական պայուսակներ, ուսապարկեր, ճամպրուկներ, կաշվե, կտորե պայուսակներ, փակվող թղթապանակներ․ կարող եք ձեզ հետ ունենալ միայն պլաստիկ տոպրակ, որտեղ դիմումի հետ կապված փաստաթղթերն են․
  • ուտելիք և հեղուկներ․
  • կնքված ծրարներ կամ փաթեթներ․
  • սիգարետներ, սիգարներ, լուցկու տուփեր, կրակայրիչներ․
  • սուր առարկաներ, օրինակ՝  մկրատ, ծալովի դանակ կամ եղունգների խարտոց․
  • զենք կամ պայթուցիկ նյութեր։
Սա ամբողջական և սպառիչ ցանկ չէ և տեղում՝ անվտանգության անձնակազմի հայեցողությամբ, կարող են արգելվել նաև այլ իրեր: