Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ժամանակին անմխիթար վիճակում գտնվող Արտաշատի մարզադաշտն արդեն ունի միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի, որտեղ մեկնարկել են Համահայկական ամառային 8-րդ խաղերի ատլետիկայի մրցումները. Կառլեն Մկրտչյան

Ժամանակին անմխիթար վիճակում գտնվող Արտաշատի մարզադաշտն արդեն ունի միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի, որտեղ մեկնարկել են Համահայկական ամառային 8-րդ խաղերի ատլետիկայի մրցումները. Կառլեն Մկրտչյան
Հասարակություն
17:28, 14 август 2023
Երկար տարիներ Արտաշատի քաղաքային մարզադաշտը գտնվել է բավականին անմխիթար վիճակում, սակայն այսօր այնտեղ արդեն մեկնարկել են Համահայկական ամառային 8-րդ խաղերի ատլետիկայի մրցումները։ Դրանք կանցկացվեն օգոստոսի 14-16-ը:  
Արտաշատի քաղաքային մարզադաշտի և Արտաշատի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի վերանորոգման մասին Civic.am-ը զրուցել է Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի հետ։  

Նա տեղեկացրեց, որ Արտաշատի մարզադաշտում 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով պետություն-համայնք համագործակցությամբ կառուցվել է միջազգային չափանիշներին համապատասխան ռետինե ծածկույթով վազքուղի, որի ընդհանուր արժեքը 140 մլն ՀՀ դրամ է:

«Ծրագրի 50%-ը ֆինանսավորվել է համայնքի կողմից, 50%-ը՝ Կառավարության: Նախորդ տարի իրականացվել են բետոնային աշխատանքները, լուծվել են ջրահեռացման հետ կապված խնդիրները, այնուհետ, անհրաժեշտ տեխնիկական դադարներից հետո, մեկնարկել է վազքուղու կառուցումը: Աշխատանքներն ավարտվել են այս տարվա մայիսին: Արարատի մարզպետի աշխատակազմի կողմից ընդհանուր 616 մլն 854 հազար դրամի ծրագրով էլ իրականացվել են Արտաշատի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի տրիբունաների հիմնանորոգման, շրջակա տարածքի բարեկարգման, համալիր մարզադպրոցի վարչական շենքի հանդերձարանների և սանհանգույցների հիմնանորոգման աշխատանքները: Մարզադաշտում անցկացվել է նաև լուսավորության նոր համակարգ»,- ասաց Կառլեն Մկրտչյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ հուլիսի 17-ին աշխատանքային այցով Արարատի մարզ այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտաշատի մանկապատանեկան համալիր մարզադպրոց, հետևել ընթացող աշխատանքներին, քննարկվել է նաև մարզադաշտի հարակից լողավազանի կառուցման, ըմբշամարտի և բասկետբոլի մարզադահլիճների հիմնանորոգման համալիր ծրագիր իրականացնելու հարցը: 
Համայնքի ղեկավարի խոսքով՝ ծրագրերի արդյունքում Արտաշատը կունենա միջազգային ստանդարտներին համապատասխան հիմնանորոգված մարզադպրոց, որտեղ հնարավոր կլինի անցկացնել միջազգային մրցաշարեր: 

«Արտաշատը հարուստ սպորտային ավանդույթներ ունի, և այս առումով էլ  շատ կարևոր է  միջազգային չափանիշներին համապատասխան մարզադպրոցի կառուցումը այստեղ»,- եզրափակեց համայնքի ղեկավարը:

Նշենք նաև, որ խաղերին հետևել են նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։ 
Արարատի մարզպետի աշխատակազմից էլ տեղեկացնում են, որ Համահայկական 8-րդ խաղերին մարզից մասնակցում են 196 մարզիկ և մարզուհի։

Լիլիթ Թադևոսյան