Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արդեն ապացուցել ենք՝ ունակ ենք իրականացնել մեծ ծավալի աշխատանք, և գալիք 5 տարիներին հեղափոխական տրամաբանությամբ պետք է քաղաքը փոխվի». Տիգրան Ավինյան

«Արդեն ապացուցել ենք՝ ունակ ենք իրականացնել մեծ ծավալի աշխատանք, և գալիք 5 տարիներին հեղափոխական տրամաբանությամբ պետք է քաղաքը փոխվի». Տիգրան Ավինյան
Հասարակություն
18:12, 23 август 2023
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե իրենց թիմի հիմնական թիրախը երևանցին է, և իրենց խոսքն ուղղված է երևանցուն։

«Եթե մենք կենտրոնանանք մեր ծրագրի և ասելիքի վրա, կարծում եմ՝ կարիք չենք ունենա կենտրոնանալու մրցակիցների վրա, որովհետև արդեն իսկ ապացուցել ենք՝ ունակ ենք իրականացնել մեծ ծավալի, մեծ մասշտաբի աշխատանք, և գալիք 5 տարիներին հեղափոխական տրամաբանությամբ պետք է քաղաքը փոխվի»,- ասել է նա։

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր իր նախընտրական քարոզարշավը սկսել է մայրաքաղաքի Նուբարաշեն վարչական շրջանից։

Նա զրուցել է բնակիչների հետ, հետաքրքրվել տրանսպորտի վիճակից։ Ավինյանը նշել է, որ հանրային տրանսպորտն այլ տրամաբանությամբ է զարգանալու՝ լինելու են քչաքանակ ավտոբուսներ, բայց ավելի տարողունակ։ Ըստ նրա՝ քիչ քանակով ավտոբուսների տրամաբանությունը լինելու է մի փոքր այլ. «Եթե ավտոբուսով ինչ-որ տեղ գնաք ու կանգառում իջնեք, մյուսը նստեք, դրա համար կրկնակի չեք վճարի։ Միասնական տոմսային համակարգը դա թույլ է տալիս»,- ասել է նա։

Ըստ Ավինյանի՝ Նուբարաշենի համար առաջիկա հինգ տարվա ամենակարևոր ծրագիրն աղբավայրի կոնսերվացումն է. «Եվ մենք դա անելու ենք․ խոստանում ենք»,- ասել է Ավինյանը։

Տիգրան Ավինյանը հիշեցրել է, որ իրենք եկել են «Ասեք, և մենք կանենք» կարգախոսով։