Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Երբ դու անպատժելիությանը չես տալիս քաղաքական գնահատական, անպատժելիության մեխանիզմները չես փոխում, ապա նրանք շարունակում են ազդեցություն ունենալ»․ Արթուր Սաքունց․ Տեսանյութ

«Երբ դու անպատժելիությանը չես տալիս քաղաքական գնահատական, անպատժելիության մեխանիզմները չես փոխում, ապա նրանք շարունակում են ազդեցություն ունենալ»․ Արթուր Սաքունց․ Տեսանյութ
Հասարակություն
15:28, 01 июль 2021
Այն բոլոր համակարգային խնդիրները, որ գոյություն ունեին 2018 թվականին և դրանց չլուծվածության հետևանքով էլ տեղի ունեցավ Թավշյա հեղափոխությունը, ցավոք սրտի, դեռ մնում են չլուծված և մեր օրակարգում են։ Այս մասին այսօր՝ «Մեդիա կենտրոն»-ի կողմից կազմակերպված ասուլիսի ժամանակ, ասաց Արթուր Սաքունցը։

Անդրադառնալով ընտրությունների կայացմանը, Սաքունցը նշեց, որ ՀՀ քաղաքացիները հաղթահարեցին փորձություն և ևս մեկ քայլ կատարվեց դեպի ժողովրդավարություն․ «Մինչ ընտրությունները կար շարժում, որի նպատակն էր առանց ընտրության իշխանության փոփոխությունը։ Մերժվեց, հանրությունը չընդունեց այդ տարբերակը և պետության կառավարման ինստիտուտը, հերթական անգամ, ձևավորվեց ընտրության միջոցով։ Սա շատ կարևոր է»։

Նա նաև նշեց, որ նախորդ 3 տարիները օրինակ են այն բանի, որ անկախ ժողովրդավարական ընտրությունների կայացման, երկրում հնարավոր չեղավ ինստիտուցիոնալացնել ժողովրդավարական մեխանիզմները։ Այսինքն՝ ընտրությունն ընդամենը ժողովրդավարության մեկնակետն է։

Անդրադառնալով որոշումների կայացման քաղաքացիական հասարակության մասնակցությանը՝ Սաքունցը նշեց, որ հեղափոխությունից հետո այն ձևականորեն է արտահայտվել և քաղ․ հասարակության կողմից առաջարկները անուշադրության են մատնվում։ Նրա խոսքով՝ նախկինում պետության զավթումը այն էր, երբ դատական, գործադիր և օրենսդիր իշխանությունները գտնվում էին միահյուսված և ղեկավարվում էին մի խմբի կողմից։

«Այս հարցը լուծվե՞ց։ Չլուծվեց։ Քաղաքական իշխանությունը գտավ, որ եթե ինքը փոխվել է՝ ապա մնացածը պետք է ինքնաբերաբար փոխվեն։ Քաղաքական իշխանությունը նույնիսկ չգիտակցեց, որ այն մեխանիզմը, որը ձևավորվել էր 2015 թվականի գործող սահմանդրությամբ, արդեն հանդիսանում է պետության զավթման մեխանիզմ, և նրանք չհասկացան, որ այդ մեխանիզմը պետք է ապամոնտաժել, նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտություն կա», - նշեց նա։

Սաքունցի խոսքով՝ այս ամենի հետևանքը եղավ այն, որ վերջին ԱԺ ընտրությունների արդյունքում այն ուժերը, որոնք պատասխանտու էին տարիներ շարունակ անպատժելի կառավարման համար, մնացին անպատիժ․ «Այսինքն՝ երբ դու չես տալիս քաղաքական գնահատական, անպատժելիությանը գնահատական չես տալիս, անպատժելիության մեխանիզմները չես փոխում, ապա նրանք շարունակում են ազդեցություն ունենալ»։

Նրա խոսքով՝ ժողովրդի կողմից այս մանդատը տրված է վերոնշյալ փոփոխություններն իրականցնելու համար։