Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Երևան իմ սեր» հիմնադրամի նոր դրամաշնորհային ծրագիրը

«Երևան իմ սեր» հիմնադրամի նոր դրամաշնորհային ծրագիրը
Հասարակություն
15:24, 02 июль 2021
«Երևան իմ սեր» հիմնադրամը նախաձեռնում է «Մեծանանք և մեծացնենք հայեցի» դրամաշնորհային ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր), որի արդյունքում նախատեսվում է մշակել ազգային գաղափարախոսության և արժեհամակարգի արմատավորման հայեցակարգ և դրա կենսագործմանն ուղղված գործողությունների ծրագիր:

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում երեխաների և երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակությանը, ազգային ինքնության պահպանմանն ու արտահայտմանն ուղղված ազգային գաղափարախոսության և արժեհամակարգի սկզբունքների արմատավորմանը, համամարդկային արժեհամակարգում Հայաստանի և հայ ժողովրդի տեղի և դերի արժևորմանը։

Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել ՀՀ-ում գործող հիմնադրամներն ու հասարակական կազմակերպությունները:

Ծրագրին մասնակցելու հայտատուն պետք է ոչ ուշ, քան 2021թ․ հուլիսի 2-ին հիմնադրամի էլեկտրոնային հասցեին ([email protected]) ներկայացնի՝

- Հայտատուի վերաբերյալ տվյալները, ներառյալ պետական գրանցման տվյալները պարունակող՝ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանից քաղվածք և կանոնադրություն․ 

- Հայտատուի՝ համանման ծրագրեր իրականացնելու փորձի մանրամասն նկարագրությունը, ներառյալ, հնարավորության դեպքում, կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները։ Առավելություն կտրվի այն հայտատուներին, որոնց կանոնադրական նպատակները ներառում են ազգային գաղափարների պահպանմանն ուղղված կրթական և (կամ) հետազոտական ծրագրերի իրականացում, և (կամ) որոնք ունեն համանման աշխատանքների իրականացման փորձ․

- Ծրագրի կատարմանը մասնակից՝ հայտատուի աշխատակիցների (և ներգրավվող այլ անձանց) կենսագրությունն ու աշխատանքային փորձի նկարագրությունը, այդ թվում՝ Ծրագրի իրականացմանն անմիջականորեն առնչվող ոլորտներում․

- Ծրագրի շահառուների նկարագրությունը, նրանց հետ նախնական քննարկումների և Ծրագրի համաֆինանսավորման նախնական համաձայնությունների առկայության վերաբերյալ տվյալները․

- Ծրագրի իրականացման համար առաջարկվող բյուջեն և ֆինանսավորման ժամանակացույցը․

- Ծրագրի իրականացման մասին հաշվետվության կառուցվածքի, բովանդակության և իրականացվելիք աշխատանքների ակնկալվող ծավալի վերաբերյալ տվյալները։

Կախված ստացված հայտերից և հայտատուների որակավորումից, Հիմնադրամն իրավունք է վերապահում չեղարկել Ծրագիրը և որևէ Հայտատուի հետ Ծրագրի իրականացման նպատակով պայմանագիր չկնքել։ 

Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու նպատակով կարող եք դիմել Հիմնադրամին՝ [email protected] հասցեին էլեկտրոնային նամակ ուղարկելով։