Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայում վաճառքի հանված Բուրսայի հայկական եկեղեցին անմխիթար վիճակում է և հրատապ վերականգնման կարիք ունի. Ահազանգում է Թուրքիայում թողարկվող պարբերականը

Թուրքիայում վաճառքի հանված Բուրսայի հայկական եկեղեցին անմխիթար վիճակում է և հրատապ վերականգնման կարիք ունի. Ահազանգում է Թուրքիայում թողարկվող պարբերականը
Մշակույթ
18:15, 28 март 2022
Թուրքիայի Բուրսա քաղաքում գտնվող 19-րդ դարում կառուցված   հայկական եկեղեցին անմխիթար վիճակում է և հրատապ նորոգման և վերականգնման կարիք ունի։  Այս մասին ահազանգում է Թուրքիայում թողարկվող normarmara.com պարբերականը՝ հրապարակելով անօդաչու սարքի միջոցով արված եկեղեցու լուսանկարը։  Պատմամշակութային այս հուշարձանը, պարբերականի տեղեկացմամբ, ամենայն հավանականությամբ ավերվել է 1855 թվականին,  Բուրսայի երկրաշարժի ժամանակ։ «Բուրսայի սիրելի թաղամասերից մեկի՝ Սեբթաշըի շենքերի մեջ բանտարկված» կաթոլիկ եկեղեցին, ինչպես գրում է պարբերականը, ժամանակին գործածվել է որպես մանածագործական գործարան և ծխախոտի պահեստ,  գանձագողերի կողմից թալանի ու ավերածությունների է ենթարկվել.  գանձագողերը եկեղեցու պատերի վրա տարբեր գրություններ են թողել, փորել են եկեղեցու տարբեր հատվածները:

Նշենք, որ հայտնի պատճառներով այլևս ծուխ չունեցող և պաշտոնապես որպես մասնավոր սեփականություն գրանցված սույն եկեղեցին մեկ տարի առաջ վաճառքի էր հանվել 6 միլիոն թուրքական լիրայով:

Վաճառքի  հայտարարության մեջ նշված էր, թե ինչ նպատակներով կարելի է գնել եկեղեցին. այսպես՝ շեշտվում է, թե այն վերանորոգելուց հետո կարելի է վերածել բուտիկ-հյուրանոցի, թանգարանի կամ մշակութային կենտրոնի։ 

Նկատենք, որ Բուրսայում հայկական եկեղեցու վաճառքի մասին իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։ «Արդյոք վաճառվո՞ւմ է երկրպագության վայրը: Ինչպե՞ս կարող են հասարակությունն ու պետությունը սա թույլ տալ: Ամո՛թ ձեզ»,- գրել է նա՝ տեղադրելով հայտարարության լուսանկարը։

Նշենք, որ մինչև 1915թ.  Բուրսայում և հարակից շրջաններում եղել է 17 հայկական եկեղեցի (Սբ. Աստվածածին, Սբ. Հրեշտակապետ, Սբ. Սարգիս, Սբ. Թադևոս Բարդուղիմեոս, Սբ. Հակոբ, Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Սբ. Կարապետ  և այլն):

Ինչպես հայտնի է, Հայոց ցեղասպանության ընթացքում և անմիջապես հետո հայկական նյութական հարստությունը, այդ թվում՝ եկեղեցիները գրանցվեցին որպես լքյալ գույք, որը երիտթուրքական իշխանությունների կողմից  վաճառվեց ցանկացողներին։

Հեղինե Մանուկյան