Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունգարիայի թատրոնում Կարո Բալյանի բեմադրած «Ռիչարդ երրորդ» քաղաքական մոտիվներով պիեսը կարող է ներկայացվել Հայաստանում

Հունգարիայի թատրոնում Կարո Բալյանի բեմադրած «Ռիչարդ երրորդ» քաղաքական մոտիվներով պիեսը կարող է ներկայացվել Հայաստանում
Մշակույթ
16:46, 13 июнь 2022
Հունգարիայի Սեգեդի Պինցեսինհազ և Ռումինիայի Արադի Կամարասինհազ թատրոնների համագործակցությամբ բեմ կբարձրացվի Վիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ երրորդ» պիեսը: Ռեժիսորը Կարո Բալյանն է։ Բալյանը հաճախ է ներկայացումներ բեմադրում արտերկրում։
«Արադի թատրոնի հետ մենք ծանոթացել էինք դեռ Լեհաստանում՝ 2-3 տարի առաջ, և հիմա եղավ հրավերը»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Կարո Բալյանը։ Անձնակազմում նա միակ հայն է, ներկայացումը հունգարերենով է, իսկ անձնակազմի հետ շփվում են թարգմանչի միջոցով, քանի որ որոշ դերասաններ չեն խոսում անգլերեն։

«Ռիչարդ երրորդ» պիեսը քաղաքական ստեղծագործություն է, իսկ Հունգարիայում թատրոնները հաճախ են ներկայացումներով բարձրաձայնում քաղաքական հարցեր, անդրադառնում տվյալ ժամանակաշրջանում երկրում կատարվող իրադարձություններին։ Մեր հարցին, թե չի՞ պատրաստվում նաև Հայաստանում նմանատիպ քաղաքական թեմաներով ներկայացումներ բեմադրել, Բալյանն ասաց, որ ինքն ուներ նման ներկայացում Պարոնյանի անվան թատրոնում՝ «Ըստ մեր քաղաքի կանոնադրության» վերնագրով, որը բավական մեծ արձագանք էր ստացել։ Առայժմ Հայաստանից որևէ հրավեր, քննարկում չկա, բացի դրանից, Հունգարիայից վերադառնալուց հետո Բալյանը մեկնելու է Ռուսաստան, սակայն չուզեց ներկայացնել, թե որ ներկայացումն են բեմադրելու։ Դեռ երկու տարբերակ է քննարկվում, բայց վերջնական որոշում չկա, թե որը կանեն։ 

Եվրոպայում, Ռուսաստանում, ըստ ռեժիսորի, դերասանները իրենց աշխատանքին ավելի պրոֆեսիոնալ են մոտենում։ Հայաստանում երբեմն մոտեցումը այնքան էլ բարձր մակարդակի չէ, և խնդիրը հիմնականում  ֆինանսականն է, քանի որ դերասանները ստիպված են լինում մի քանի տեղ աշխատել և կարող են փորձերից, օրինակ, ուշանալ, ինչը չկա Եվրոպայում կամ Ռուսաստանում։

«Ռիչարդ երրորդ»-ը Հայաստանում ներկայացնելու մասին Կարո Բալյանն ասաց, որ կա նման մտադրություն, բայց վերջնական որոշում դեռ չկա։ Հոկտեմբերի 17-22-ը Հայաստանում կկազմակերպվի Երևանի շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը, որին ռեժիսորը կուզեր, որ ներկայացվեր նաև «Ռիչարդ երրորդ» ներկայացումը։ «Իրենք՝ հունգարացիները, հակված են, ես էլ եմ հակված, վերջիվերջո ես հայաստանցի եմ և շատ կուզեի, որ իմ աշխատանքը ներկայացվեր մեր հայ հանդիսատեսին։ Կփորձենք շեքսպիրյան փառատոնին բերել այս ներկայացումը»,- ասաց Կարո Բալյանը։