Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Խորհուրդ եմ տալիս իրեն այցելել թատրոն, տեսնել՝ իր ընկերները ուր են հասել, հետո նոր արտահայտվել». դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին

«Խորհուրդ եմ տալիս իրեն այցելել թատրոն, տեսնել՝ իր ընկերները ուր են հասել, հետո նոր արտահայտվել». դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին
Մշակույթ
18:20, 23 июль 2021
Այսօր ԿԳՄՍ նախարարության շենքի առջև Կամերային երաժշտական թատրոնի դերասանների կողմից իրականացված բողոքի ակցիայի ժամանակ  դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, անդրադառնալով Երևանի Պետական կամերային երաժշտական թատրոնը  Հ. Պարոնյանի անվան Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին միացնելու ԿԳՄՍՆ որոշմանը, նշեց, որ դեմ է որոշմանը, և որ այդ թատրոնները բացառապես տարբեր թատրոններ են՝ տարբեր ձեռագրերով, սկսած հենց շենքի պայմաններից։

«Կամերային բառն ինքը հուշում է, որ այն փոքրիկ է։ Փոքր տարածության մեջ ստեղծվել են փոքրիկ ներկայացումներ՝ իր ժանրի մեջ յուրահատուկ, նախատեսված քիչ քանակությամբ հանդիսատեսի համար։ Բնականաբար, մեծ, ահռելի բեմում այդ ներկայացումները պարզապես կվերանան, և մեր թատերախումբը չի կարող ներկայանալ»,- նշեց նա։

Տիկին Կիրակոսյանի խոսքով՝ շատ է չարչրկվում  «երաժշտական» բառը, որը երկու թատրոնների անուններում կա. «Ասվում է, թե մենք կունենանք նվագախումբ, բալետի խումբ և այլն, բայց մենք «մյուզիքլի» ժանրի թատրոն ենք, ոչ թե «օպերետի», և այստեղ դերասանները իրենք են երգողը, պարողը և բեմում խաղացողը, այսինքն՝ հավելյալ բան պետք չէ։

«Բացի այդ, մենք արդեն 10 տարի շարունակ տարբեր ժանրերում ենք ստեղծագործում՝ ոչ միայն երաժշտական, այլև դրամատիկ,  կատակերգական ոճի, նաև մանկական ներկայացումներ։ Բազմիցս պաշտոնապես դիմել ենք, որ անվանումը փոխեն, որ այդ «երաժշտական» բառը իր ակտուալությունը կորցրել է, բայց մեզ մերժել են։ Հիմա էլ ասում են՝ քանի որ երաժշտական եք, այսպես է լինելու»,- հավելեց դերասանուհին։ 

Անդրադառնալով պատգամավոր, նախկինում Կամերային թատրոնի դերասան Հրաչյա Հակոբյանի այն արտահայտությանը, թե Կամերայինում մեկ տարում 1 ներկայացում էր հազիվ բեմադրվում, Անահիտ Կիրակոսյանը նշեց. «Նախ՝ այն, որ ներկայացումը պատրաստվում  է 1 տարում, դա դեռ չի խոսում թատրոնի կամ ներկայացման վատ լինելու կամ դերասանի չպատրաստվածության  մասին։ Ներկայացումը կարող  է երկար տևել տարբեր պատճառներով՝ գուցե բեմադրությունն է այդպես պահանջում, դերասանն է աշխատում, որ հասնի լավ որակի»։ 

Նրա խոսքով՝ Հրաչյա Հակոբյանի՝ Կամերային երաժշտական թատրոնում աշխատելու ժամանակ ինքն էլ է աշխատել այնտեղ և հիշում է, որ ներկայիս պատգամավորն այն ժամանակ շատ գոհ է եղել թատրոնի պայմաններից. «Նա շատ ուրախ էր աշխատում, շատ հրաշալի էր կատարում իր դերը, շատ գոհ էր թատրոնի պայմաններից և նույնիսկ, հիշում եմ, ինքն էր ուզում մտնել թատրոն։ Այն ժամանակ եկավ Հակոբյանի մոտ, և Հակոբյանը նրան առաջարկեց արքայազնի դերը»։

Դերասանուհին նշեց, որ այն կազմից, որից դժգոհել է պատգամավորը, այժմ գրեթե չկա։ Հիմա բոլորովին նոր, երիտասարդ խումբ է աշխատում թատրոնում, որի պրոգրես գրանցել-չգրանցելը կարող են ասել միայն ներկայացումները դիտելուց հետո։ 
 
«Երբ տարիներ շարունակ չեն այցելել թատրոն և արտահայտվում են՝ ժպիտ է առաջացնում ուղղակի։ Ես խորհուրդ եմ տալիս իրեն իր զբաղվածությունը դնել մի կողմ, այցելել թատրոն, տեսնել՝ իր ընկերները ուր են հասել, հետո նոր արտահայտվել»,- ասաց դերասանուհին։ 

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարությունը առաջարկում է Պետական կամերային երաժշտական թատրոնը միացնել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին։ Այս փոփոխություններն արվում են, որպեսզի Կամերային երաժշտական թատրոնի շենքը տրամադրվի սիմֆոնիկ նվագախմբին, քանի որ վերջիններս չունեն  աշխատելու պայմաններ։ Թատրոնների անձնակազմերը դեմ են այս որոշմանը և անհասկանալի են որակում թատերական ոլորտի հաշվին երաժշտական ոլորտի խնդիրների լուծումը՝ նշելով, որ Կամերային թատրոնի շենքը նույնիսկ չի համապատասխանում սիմֆոնիկ նվագախմբին անհրաժեշտ շենքային պայմաններին։ 

Այսօր կայացած բողոքի ակցիայի ժամանակ էլ Կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տարածքների բաժանում է տեղի ունենում. «Հավատացնում եմ, սիմֆոնիկ նվագախումբը երկու տարուց ավելի չի մնալու այնտեղ։ Ընդ որում, ահռելի մեծ ներդրումներ է լինելու պետության կողմից՝ տարածքը վերակառուցելու համար, որից հետո սիմֆոնիկ նվագախումբը կգնա այդտեղից, իսկ այս տարածքը կմնա նրան, ով սկսել է այս ամենը»,- ասաց նա՝ չցանկանալով նշել, թե կասկածներն ում են ուղղված. «Չեմ ասելու, քանի որ փաստեր չունեմ։ Սա իմ ենթադրությունն է, որը հեռու չէ իրականությունից»։

Սյուզի Սիրականյան