Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ամո՛թ մշակույթի այն գործիչներին, որոնք հուշել են այս նախագիծը». Կամերային երաժշտական թատրոնի անձնակազմը բողոքի ցույց է իրականացրել ԿԳՄՍ նախարարության մոտ

«Ամո՛թ մշակույթի այն գործիչներին, որոնք հուշել են այս նախագիծը». Կամերային երաժշտական թատրոնի անձնակազմը բողոքի ցույց է իրականացրել ԿԳՄՍ նախարարության մոտ
Մշակույթ
16:08, 23 июль 2021
Այսօր Կամերային երաժշտական թատրոնի դերասանները բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍ նախարարության շենքի առջև՝ ընդդեմ Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնը Հ. Պարոնյանի անվան պետթատրոնին միացնելու ԿԳՄՍՆ որոշման: 

Կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցանկանում են ստանալ հստակ պատասխան այս ամենի մասին, քանի որ  տարբեր  իրարամերժ կարծիքներ են հնչում. «Փոխնախարարը մի բան է ասում, նախարարը՝ մի այլ բան, երրորդ մեկը՝ այլ բան։ Եվ վերջապես, ո՞րն է տրամաբանությունը այս որոշման, արդյոք սա որոշո՞ւմ է, թե՞ ընդամենը գաղափար, որն ուզում են առաջ տանել»։

Պարոն Ստեփանյանի խոսքով՝ անհասկանալի են  պատճառները, թե ինչու են երկու իրարամերժ ոլորտների խնդիրներ մեկը մյուսի հաշվին լուծում. «Ինչո՞ւ երաժշտական ոլորտի խնդիրը փաթաթել թատերական ոլորտի «վզին», և ինչո՞ւ մի ամբողջ թատրոն կործանել, որպեսզի սիմֆոնիկ երաժշտական խումբը ունենա փորձատեղի»։ 

Հիշեցնենք, որ ըստ ԿԳՄՍ նախարարի՝ այս փոփոխություններն արվում են, որպեսզի Կամերային երաժշտական թատրոնի շենքը տրամադրվի սիմֆոնիկ նվագախմբին, քանի որ վերջիններս չունեն պայմաններ աշխատելու։ Միևնույն ժամանակ հայտարարվել է, որ այս քայլով ավելի բարենպաստ պայմաններ են առաջարկվում թատրոնի անձնակազմին, ինչի հետ, սակայն, նրանք համաձայն չեն։

«Մեզ զրկում են մեր ստեղծագործելու աշխատանքի վայրից։ Կարելի է ասել՝ վայրը վայր է, գնացեք ուրիշ տեղ, բայց յուրաքանչյուր թատրոն ունի  իր մթնոլորտը, իր դեմքը, իր ստեղծագործելու աուրան։ Պետք է մոտ լինես թատրոնին, տեղյակ լինես թատրոնից, որ հասկանաս։ Էլ չեմ ասում, որ մարդիկ զրկվում են իրենց աշխատանքից»,- նշեց նա։

ԿԳՄՍ նախարարի այն պնդմանը, որ աշխատողների, դերասանների կրճատում չի լինելու, պարոն Ստեփանյանը պատասխանեց. «Թող փափուկ բարձ չդնեն մեր գլխի տակ, թե իբրև չեն կրճատելու։  Եթե էդպես է, բոլոր նախարարությունները միացրեք իրար։ Ձեր արած գործը ի՞նչ է. կաբինետներում նստած որոշումներ եք կայացնում։ Բոլոր նախարարությունները միացրեք իրար։ Սա ի՞նչ մոտեցում է, սա ընդամենը չոր մաթեմատիկական հաշվարկ է»։ 

Ըստ նրա՝ այստեղ մարդկային շահագրգռվածություն կա, իսկ թե ովքեր են շահագրգիռները՝ հետո կերևա։ Նրա խոսքով՝  պետք է շատ անհեռատես լինել՝ չհասկանալու համար, թե ինչ է կատարվում։ 

«Կատարվում է տարածքների բաժանում։ Հավատացնում եմ, սիմֆոնիկ նվագախումբը երկու տարուց ավելի չի մնալու այնտեղ։ Ընդ որում, ահռելի մեծ ներդրումներ է լինելու պետության կողմից՝ տարածքը վերակառուցելու համար, որից հետո սիմֆոնիկ նվագախումբը կգնա այդտեղից, իսկ այս տարածքը կմնա նրան, ով սկսել է այս ամենը»,- ասաց պարոն Ստեփանյանը՝ չցանկանալով նշել, թե կասկածներն ում են ուղղված. «Չեմ ասելու, քանի որ փաստեր չունեմ։ Սա իմ ենթադրությունն է, որը հեռու չէ իրականությունից»։

Նրա խոսքով՝ հանդիպում ունեցել են միայն փոխնախարար Արա Խզմալյանի հետ, ով առաջ է քաշել այս գաղափարը, և ներկայացնելով իրենց անհամաձայնությունը՝ ստացել են բացասական պատասխան. «Ես ասել եմ՝ մենք պատրաստ ենք մեր տարածքը տրամադրել սիմֆոնիկ նվագախմբին  որպես փորձատեղի, օրերը կբաժանենք»։

Մյուս՝ Պարոնյանի անվան պետթատրոնի  համար նույնպես այս փոփոխություններն անընդունելի են։ 

«Այս ամբողջ պատերազմը գնում է շենքի համար, որ վաղը-մյուս օրը վաճառեն։ Եթե չեն կարող օգնել մեզ, թող չխանգարեն։ Մենք պետության կողմից դրված ամբողջ պարտավորությունները 100 տոկոսով կատարում ենք՝ և՛ հանդիսատեսի, և՛ ներկայացումների քանակի, և՛ ֆինանսական առումով», - նշեց պարոն Ստեփանյանը։

ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպումից հետո պարոն Ստեփանյանը նշեց, որ կարծում է՝ կառավարությունը կընդունի այս որոշումը։ Նրանք հանդիպման ժամանակ ներկայացրել են իրենց պահանջները, այն է՝ չմիավորել երկու թատրոնները,  քաղաքում կան բազմաթիվ ազատ տարածքներ, որոնք կարող են տրամադրվել սիմֆոնիկ նվագախմբին, և նշվել է, որ ցանկալի չէ ոլորտների խնդիրները խառնել իրար։  

«Մեր թատրոնը, լինելով սիմֆոնիկ նվագախմբի տրամադրության տակ, կարիք կունենա կառուցվածքային փոփոխության, ներդրումների, քանի որ այն իր կառուցվածքով չի համապատասխանում սիմֆոնիկ նվագախմբին՝ որպես փորձատեղի»,- նշեց նա։

Ստեփանյանի խոսքով՝ նախարարությունում էլ իրենց արգումենտները ներկայացրին. «Ասացին, որ, ի վերջո, մենք գտնվում ենք այնպիսի ծայրահեղ վիճակում, որ կան շատ շատ խմբեր, կոլեկտիվներ, միավորումներ, որոնք չունեն շենքի խնդիր, որոնց եզրերը անգամ չենք կարող գտնել, և այս դեպքում նրանք, ունենալով քննարկումներ, նույնիսկ թատերական ոլորտից մասնագետների հետ, որից ես տեղյակ չեմ եղել, եկել են այդ համոզմանը, որ այս երկու թատրոնները ունեն ընդհանուր եզրեր»։

Պարոն Ստեփանյանը անընդունելի համարեց թատերական գործիչների այդ քայլը. «Ամոթ ձեզ, մշակույթի այն գործիչներին, որոնք հուշել են այս նախագիծը և ծպտված մասնակցել քննարկմանը»։

Սյուզի Սիրականյան