Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշխարհն այսօր Կրեմլյան չարիքի դեմն առնելու մեծ փորձության առաջ է կանգնած. ՀՀ իշխանությունն էլ ճիշտ կողմնորոշվեց

Աշխարհն այսօր Կրեմլյան չարիքի դեմն առնելու մեծ փորձության առաջ է կանգնած. ՀՀ իշխանությունն էլ ճիշտ կողմնորոշվեց
Քաղաքականություն
17:01, 27 апрель 2024
Տնտեսագետ Հրայր Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հիմնվելով Յեյլի համալսարանի պրոֆեսոր Թիմ Սնայդերի վերլուծությունների վրա՝ փորձեմ նկարագրել, թե ո՞նց է աշխատում Ռուսաստանը այսօր Հայաստանում։ 

Կրեմլը շատ լավ գիտի, որ Հայաստանում կա ազնիվ ազգայնականների մի խումբ, որոնք շատ ցավոտ են տանում հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացը, չեն հավատում դրա հաջողությանը և այլն։ Այդ խմբերի համար տարվածվում են այնպիսի քարոզչական թեզեր, ըստ որի գործող իշխանությունը "հանձնում է ամեն ինչ" Ադրբեջանին, նույնիսկ ինչ-որ պահի համաձայնելու է միջանցքին (ինչը ակնհայտ սուտ է)։ 

Կրեմլը նաև գիտի, որ Հայաստանում կան խմբեր, որոնց համար շատ կարևոր են դեմոկրատական արժեքները։ Ահա այս խմբի համար էլ տարածում են այնպիսի քարոզչական թեզեր, ըստ որի՝ գործող իշխանությունը նույն ՀՀԿ-ն է, որ Հայաստանը դեմոկրատիայի առումով ոչ մի առաջընթաց էլ չի ապրել, կամ եթե ապրել էլ է, հիմա հետընթաց է գնում։ 

Ի դեպ, ինձ երբեմն ասում են, որ ես միամիտ եմ, երբ զարմանում եմ, թե ո՞նց է, որ երկար տարիներ դեմոկրատիայի ու պետության տեսություններն ու փիլիսոփայությունները ուսումնասիրելով հենց Արևմուտքի ներսում՝ Հայաստանին նայելով դեմոկրատացում եմ տեսնում, բայց մեկ էլ հանկարծ ինչ-որ զեկույցներ են հայտնվում, ըստ որի Հայաստանում հետընթաց է այդ առումով։ Ռուսական պրոպագանդիստական թեզերն ու գործակալները ուր ասես կարող են ներթափանցել, ընդհուպ մինչև ԱՄՆ-ի ու Գերմանաիայի նման պետությունների էլիտաների խորքերը (ինչպես տեսնում ենք վերջին բացահայտումներից), էլ ուր մնաց որ չթափանցեն հայկական ՀԿ-ական ու Հայաստանի մասին զեկույցների համար տեքստեր տվող փորձագիտական շրջանակներ։   

Ու այսպես, Կրեմլը (շարունակելով Ցարական Ռուսաստանի ու ԽՍՀՄ—ի ԿԳԲ-ի գործելաոճը) ամեն տեղ առանձնացնում է սոցիալական խմբերին, գտնում նրանց խոցելի կետերը, խփում այդ կետերին, չափազանցնում այն ինչ կա, ամեն ինչ սարքում այդ մասին, որ բոլորին հանի իրար դեմ, քաոս տարածի շուրջբոլորը, ու որ այդ ֆոնին իր ք․․ք ու մարդատյաց ռեժիմը նորմալ, միգուցե նաև՝ ցանկալի թվա։ Շատերս երբեմն սխալ ենք գնահատում Կրեմլի նպատակներն ու գործողությունները՝ ելնելով մեր պատկերացումներից ու թե մենք ինչպես կվարվեինք, եթե լինեինք Կրեմլի տեղը։ Բայց սա, ըստ Սնայդերի, սխալ մոտեցում է, որովհետև Կրեմլի գլխավոր նպատակը շուրջբոլորը քաոս ու անկառավարելիություն տարածելն է։ Թե տեղերում ով ավելի շատ կօգտվի այն այդ քաուսից, ավելի երկրորդական նշանակություն ունի Կրեմլի համար։   

Աշխարհն այսօր Կրեմլյան չարիքի դեմն առնելու մեծ փորձության առաջ է կանգնած։ Բարեբախտաբար՝ Արևմուտքը հասկացավ (թեև ուշացոմով),  թե ինչ չարիքի հետ գործ ունի, իսկ Հայաստանի իշխանությունն էլ ճիշտ կոմնորոշվեց՝ երկիրը լիարժեք անկախության ու ազատության ուղով տանելու հարցում։ 

Դիմում եմ Հայաստանի ազնիվ ազգայնականներին՝ դուք պետք է գնահատեք իրավիճակը՝ արդյո՞ք ուզում եք ձեր ազնիվ մղումները բավարարելու համար հերթական անգամ ծառայել Կրեմլի շահերին ու շահագործվել Կրեմլի կողմից։ Ի վերջո, եթե իսկապես Հայաստանի ընտրված արտաքին քաղաքական կուրսը՝ Ադրբեջանին խաղաղություն պարտադրելը, ձախողվի՝ սահմանզատման այս փուլի հաջող ավարտից հետո, ապա Հայաստանը պատերազմին շատ ավելի պատրաստ կլինի՝ և՛ ներքին համախբվածության առումով, և՛ Արևեմուտքի ռազմաքաղաքական աջակցությունը ստանալու առումով։ Իսկ եթե Արևմուտքի աջակցությամբ ընթացող այս սահմանզատումը վիժեցվի այս օրերին՝ Հայաստանի ներսից, ապա հույս չունենաք, թե Արևմուտքը կամ նույնիսկ Հայաստանի լիբերալ շրջանակները կաջակցեն ձեզ այնպես, ինչպես կանեն, եթե չխանգարեք այս պահին ընթացող  սահմանազատմանն ու Ռուսաստանից Հայաստանի՝ լիարժեք անկախացման գործընթացին։