Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բագրատ Գալստանյանը ստի ու կեղծիքի դեմ պայքարի լոզունգով զբաղված է ստելով ու կեղծիքներ տարածելով

Բագրատ Գալստանյանը ստի ու կեղծիքի դեմ պայքարի լոզունգով զբաղված է ստելով ու կեղծիքներ տարածելով
Քաղաքականություն
17:58, 09 май 2024
Բագրատ սրբազանը այսօր Աբովյանից դեպի Երևան երթին՝ ի պատասխան լրագրողի հարցի, թե այսօր քանի՞ ՔՊ-ական է միացել իրենց երթին, ասում է. «Կարծեմ մի երկուսն էլ է միացել։ Ի դեպ՝ կոչ եմ անում նրանց բոլորին հնարավորությունն օգտագործել՝ դարձի գալ։ Դարձի գան դեպի Աստված ու պետականություն, որից իրենք կիլոմետրերով հեռու են»։

Օրեր առաջ էլ Բագրատ Գալստանյանը հայտարարել էր, թե բազմաթիվ բարձրաստիճան ՔՊ-ականներ են ներքին կարգով դիմել իրենց՝ ցանկություն հայտնելով միանալ։ 

Ստից, կեղծիքից, բարոյականությունից խոսող եկեղեցականը չի խորշում բացահայտ ստեր տարածելուց՝ ուղիղ եթերներով։ Քաղաքական «տրյուկներ» օգտագործող սրբազանը քիչ էր, որ ներքին կարգով իրեն դիմող բարձրաստիճան ՔՊ-ականների մասին էր հայտարարում, հիմա էլ ասում է, թե արդեն երթին են ՔՊ-ականներ միացել։ Նույնիսկ եթե խոսքը շարքային՝ ոչ պաշտոնյա ՔՊ-ականների մասին է, ապա ինչո՞ւ շարժման անդամները իրենց աջակցող լրատվականներով չեն ցուցադրում, թե ովքե՞ր են այդ ՔՊ-ականները, որպեսզի իրենց խոսքն ավելի հավաստի լինի։ Մերկապարանոց հայտարարություններով քաղաքական այսօրինակ խղճուկ տեխնոլոգիաներ կիրառող սրբազանն ասում է, թե իրենց շարժումը քաղաքական չէ, իրենք հայրենիքի համար պայքար են մղում, ճշտի ու հայրենասիրության համար պայքար են մղում։ Զավեշտալի է, ինչ խոսք։ Ծայրից ծայր քաղաքական այս պրոցեսը, որում օգտագործում են բազմաթիվ տեխնոլոգիաներ, անվանում են ապաքաղաքական։ Ավելին՝ Փաշինյանի՝ 2018 թվականին գլխավորած հեղափոխությանն այս շրջանակներն անվանում էին գունավոր հեղափոխություն, Սորոսի կողմից հովանավորվող ակցիա, արևմտյան տեխնոլոգիաների օգտագործմամբ արված հեղաշրջում և այլն։ Հիմա ճիշտ և ճիշտ նույն «տեխնոլոգիաները» կիրառող խմբերը, անհատները այս շարժումն անվանում են ապաքաղաքական, հայրենասիրական, ճշտի ու պետականության համար պայքար։ Տղաներ և աղջիկներ, բա Սորոսին մոռացա՞ք։ Բա գունավոր հեղափոխությո՞ւնը, մասոննե՞րը, այլմոլորակայիննե՞րը։ 

Բագրատ Գալստանյանը ՔՊ-ականներին կոչ է անում դարձի գալ՝ դեպի Աստված ու դեպի պետականություն։ Քաղաքականություն մտած բարձրաստիճան հոգևորականը, տարբեր բիզնեսներում սերտաճած Հայ առաքելական եկեղեցու առաջնորդները ՔՊ-ականներին կոչ են անում դարձի գալ դեպի Աստված ու դեպի պետականություն։ Սա արդեն ծաղր է Քրիստոնեության ու հայ հավատացյալների նկատմամբ։ 
 
Վովա Հակոբյան