Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատգամավոր Հասմիկ Հակոբյանը մասնակցեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում տեղի ունեցած միջոցառմանը

Պատգամավոր Հասմիկ Հակոբյանը մասնակցեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում տեղի ունեցած միջոցառմանը
Գիտություն
12:49, 01 сентябрь 2021
Սեպտեմբերի 1-ին Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ պատգամավոր Հասմիկ Հակոբյանն այցելեց Երեւանի պետական համալսարան եւ մասնակցեց Ժուռնալիստիկայի ֆակուլտետում կազմակերպված միջոցառմանը: Հասմիկ Հակոբյանը, շնորհավորելով ուսանողներին սեպտեմբերի 1-ի կապակցությամբ, նշեց.

«Ինքս մասնագիտությամբ լրագրող եմ ու ուրախ եմ, որ այսօր հանդիպում եմ հենց ձեզ հետ` ապագա լրագրողների:

Ինչպես իմ ընդունվելու տարիներին, այնպես էլ հիմա, ֆակուլտետում գերակշռում են իգական սեռի ներկայացուցիչները, եւ ինչպես ես նախկինում, այնպես էլ ձեզանից շատերը երեւի ընդունվել են լրագրության ֆակուլտետ` հաղորդավար դառնալու համար: Սակայն, իմ օրինակով վստահեցնում եմ, որ երբ սկսեք ուսումնասիրել իրական լրագրությունը, անհնար է, որ չսիրահարվեք այս մասնագիտությանը: Ես, օրինակ, ուսանելու տարիներին մտադրությունս փոխեցի ու դարձա հետաքննող լրագրող:

Առաջինը որ կիմանաք, ու որը ամենակարեւոր փաստերից է` դա ձեր չորրորդ իշխանություն լինելն է: Ուզում եմ` պատասխանատվությամբ մոտենաք ձեր մասնագիտությանն ու առաքելությանը, երբեք չմոռանաք, որ մասնագիտական գործունեությամբ կարող եք եւ' վնասել, եւ' փրկել: Միշտ հիշեք, որ գործ ունեք մարդկային ճակատագրերի հետ:

Ցավոք, այսօր լրատվական դաշտը հեռացել է բուն էությունից: Այսօր լրագրողներն ու խմբագիրները հիմնականում վազում են սկանդալի հետեւից, որովհետեւ ունեն շատ դիտումներ հավաքելու մոլուցք, ինչպես նաեւ չեն խորշում պատվերներ կատարելուց: Եթե մի օր դուք էլ որոշեք զբաղվել քաղաքականությամբ, իմ օրինակով թողեք լրագրությունը` անաչառությունը պահպանելու համար:

Խնդրում եմ կարեւորեք ակադեմիական կրթությունը, երբեք մի դադարեք ինքնակրթվել, օգտագործեք ձեր կրթություն ստանալու իրավունքը, որպեսզի տարիներ անց, երբ կրկին հանդիպելու առիթներ ունենանք, հպարտանամ ձեր ձեռքբերումներով ու մասնագիտական որակներով»: