Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ապագա լրագրողներ, որ խոսափողի փոխարեն զենք բռնեցին․ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում բացվեց զոհված ուսանող-զինծառայողների անվան լսարան․ Տեսանյութ

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում տեղի ունեցավ Արցախյան վերջին պատերազմում զոհված ուսանող-զինծառայողներ՝ Վյաչեսլավ Բադալյանի, Վաչագան Մանուկյանի, Աշոտ Խաչատրյանի եւ առաջին պատերազմում զոհված ուսանող-ազատամարտիկ Նորայր Մարությանի անվան լսարանի բացումը։

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը դիմելով ներկաներին, ասաց․ «Այս օրը յուրատեսակ խորհուրդ ունի։ Մեր լույս տղաները մեզ ի մի են բերել, որ խորհենք ու խոսենք ապագայի մասին։ Խոսենք իրենց հզոր երազանքները կյանքի կոչելու դժվար ուղիների մասին։ Նորայրը, Վաչագանը, Սլավան եւ Աշոտը տարբեր էին իրենց էությամբ, բնույթով ու բնավորությամբ, բայց նույնն էր նրանց նպատակը՝ կառուցել հզոր երկիր, ունենալ հզոր բանակ եւ երջանիկ  ժողովուրդ։ Նրանք տարբեր էին, բայց նույնն էր ապրելու բանաձեւը՝ կյանքս հայրենիքիս, հոգիս՝ Աստծուն, պատիվս՝ ինձ, իսկ սերս մայրիկիս կտամ»։

Մարտիրոսյանը նշեց, որ լսարանը կահավորվել, եւ տեխնիկապես զինվել է բարերարներ Վահե Հակոբյանի եւ նրա տիկնոջ աջակցությամբ, եւ նրանց շնորհակալագրեր հանձնեց։

Պատերազմում զոհված հերոսներից Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, իր խոսքում նշեց, որ մեր բանակը եւ տղաները  կրում են հաղթական թիկնոց, եւ պարտությունը իրենցը չէ։ «Իրենց անմահության ամենաճիշտ գրավականը լինելու է հզոր Հայաստանի կերտումը։ Այն ինչ ունենք՝ մեր հերոսներին ստիպեց գնալ սխրագործության եւ դա չի բավարարել իրենց եւ մեզ, բայց սխրագործները իրենք են», - ասաց նա։

Վյաչեսլավ Բադալյանի քույրը, խոսելով զոհված եղբոր մասին, մեջբերեց նրա խոսքերից․ «Հայրենիքը մարդիկ են, հայրենասիրությունը քեզ տրված առաքելություն է մեծ սիրով եւ արժանապատվությամբ կատարելը», - ասաց նա եւ հավելեց, որ Վյաչեսլավը հենց այդ խոսքերով է առաջնորդվել պատերազմում եւ իր գործը կիսատ չի թողել՝ խոցել է թշնամու վերջին տանկը։

Միջոցառմանը ներկա էր նաեւ Բագրատ Սրբազանը, ով աղոթեց պատերազմում զոհված հերոսների հիշատակին։