Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստանը կմասնակցի WUKF-ի աշխարհի առաջնությանը, բոլոր հաղթանակները նվիրվելու են զոհված տղաներին»․ Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյան

«Հայաստանը կմասնակցի WUKF-ի աշխարհի առաջնությանը, բոլոր հաղթանակները նվիրվելու են զոհված տղաներին»․ Հայաստանի կարատեի  միության հիմնադիր  Կամո Ունանյան
Սպորտ
16:05, 25 август 2021
WUKF-ի՝ «Աշխարհի կարատեի ֆեդերացիայի» աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Ռումինիայի Կլյուչ քաղաքում սեպտեմբերի 23֊26֊ը, որտեղ ներկայանալու են 70֊75 երկրներ։ Աշխարհի առաջնությանը կմասնակցեն 5 հայ մարզիկներ՝ Կամո Ունանյանը, Դավիթ Թարոյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սերգեյ Դալլաքյանը և Գևորգ Ղազարյանը։ 

Այսօր տեղի ունեցավ  կարատեի  և եվրոպայի եռակի չեմպիոն Կամո Ունանյանի և «Արմֆայթինգ» ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեց իրավիճակը և սպասումները։

«Տղաները գտնվում են լավ մարզական վիճակում, և հնարավորությունները մեծ են հաղթանակի։ Այնտեղ նաև ներկա են գտնվելու Ադրբեջանի և Թուրքիայի  հավաքականները,  և մենք ամեն ինչ անելու ենք, որ հաղթանակներ  տանենք»֊ ասաց Հայաստանի կարատեի ֆեդերացիայի հիմնադիր  Կամո Ունանյանը։ 

Քսան տարուց ավելի է՝ Հայաստանի հավաքականի մարզիչը Տիգրան Մուրադյանն է։ Հավաքականի հովանավորն է մոսկվայաբնակ Լիլիթ Կարապետյանը, որը հոգալու է ամբողջ ծախսերը։ Եթե մարզիկները հաղթանակներ կրեն, ֆինանսավորումը կշարունակվի։ 

«Բոլոր հաղթանակները նվիրվելու են զոհված տղաներին»,- նշեց Ունանյանը։ Հարցին, թե Ունանյանը առողջական խնդիրների պատճառով հնարավո՞ր է թողնի սպորտը, նա այսպես պատասխանեց.«Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մարզիկ ունի բավականին լուրջ խնդիրներ, կոնկրետ ես վերջին երեք տարիներին ունեմ լուրջ խնդիրներ մեջքի հետ կապված և արդեն 3 անգամ վիրահատության եմ ենթարկվել։ Ինձ համար սպորտը մի ամբողջ կյանք է, որին այդքան էլ հեշտ չէ հրաժեշտ տալ, ես անում եմ ամեն բան, որ ինչքան հնարավոր է երկար մասնակցեմ, իմ երկրի համար մեդալներ նվաճեմ»։

Հայկ Ղուկասյանն էլ հավելեց, թե ինքն է առաջարկել Կամո Ունանյանին, որ իր ուժերը փորձի ընֆհանուր մարտերում(MMA)։  «Մենամարտերից մեկի ժամանակ ինձ մոտ հետաքրքրություն առաջացավ, որ ինքս առաջարկեմ Կամո Ունանյանին  իր ուժերը չափել ընդհանուր մենամարտերում։ Շատ հետաքրքիր է արևելյան մարզաձևի աշխարհի չեմպիոնի ուժերը տեսնել  ընդհանուր մենամարտերում։ Սպասվում են միջազգային մի շարք մրցաշարեր, որոնց ընթացքում կընտրվի մրցակից մարզիկ, կքննարկվի թե ով է լինելու այդ մարզիկը և որ մրցաշարին է մասնակցելու»,- նշեց «Արմֆայթինգ» ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը։ 

Նրա խոսքով՝ շուրջ 16 տարի գործում է «Արմֆայթինգ»-ի ֆեդերացիան, նրանք ունեն 61  մարզական ակումբներ և ունեն 2200֊ից ավելի մարզիկներ։ 

Ղուկասյանը նշեց, որ իր ֆեդերացիայով իրենց ուժերի սահմաններում տարբեր ծրագրեր են իրականացնում, մոտ կես միլիոն դոլարի ծրագրեր են ֆինանսավորել։ Նաև՝ մարզամշակութային կենտրոն են կառուցել մարզերից մեկում, որտեղ երեխաները կարող են մարզվել։

Սիլվի Պետրոսյան