Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Կարուանայի հետ. Sinquefield Cup

Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Կարուանայի հետ. Sinquefield Cup
Սպորտ
15:38, 10 сентябрь 2022
Սենթ Լուիսում ավարտին է մոտենում շախմատի Սինկֆիլդի գավաթի խաղարկությունը: 7-րդ տուրի բոլոր 4 մրցախաղերն էլ ավարտվել են ոչ ոքի:

Լևոն Արոնյանը սևերով 45-րդ քայլին հաշտություն է կնքել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ: Լևոնը վաստակած 3 միավորով 5-րդ տեղում է: Մյուս 3 պարտիայում միավորը կիսել են Յան Նեպոմնյաշչին ու Շահրիյար Մամեդյարովը, Լենիեր Դոմինգեսն ու Ալիռեզա Ֆիրուջան, Մաքսիմ Վաշիե-Լագրավն ու Հանս Նիմանը: Թեև Ուեսլի Սոն 7-րդ տուրում ազատ էր (նա պետք է մրցեր մրցաշարից հրաժարված Մագնուս Կառլսենի հետ), սակայն 4 միավորով պահպանեց առաջատարի դիրքը: 3,5-ական միավորով նրան հետապնդում են Յան Նեպոմնյաշչնին, Ալիռեզա Ֆիրուջան ու Ֆաբիանո Կարուանան:

Հիշեցնենք, որ նախորդ տուրերում Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը հաշտություն էր կնքել ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Հանս Նիմանի, Լենիեր Դոմինգեսի, Ուեսլի Սոյի, աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ, հաղթել էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավին ու պարտվել էր Ֆրանսիան ներկայացնող Ալիռեզա Ֆիրուջային:

Սեպտեմբերի 10-ին կայանալիք 8-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ:


Հիշեցնենք նաև, որ շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովն աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենից պահանջել էր բացատրություն, թե ինչու է նա Սենթ Լուիսում անցակցվող Grand Chess Tour-ի 5-րդ փուլի (Sinquefield Cup) երրորդ տուրից հետո հրաժարվել մասնակցությունից։ Կարլսենը պարտվել էր մասնակիցներից ամենացածր վարկանիշն ունեցող ամերիկացի Հանս Նիմանին։ Շախմատային մամուլը գրել էր, որ պատճառը կարող է լինել Նիմանի խարդախությունը՝ որևէ եղանակով տեսալսողական հուշում ստանալը։

Մրցաշարի ավարտին մնաց երկու տուր: