Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանը Նեթանյահուին անվանել է «Գազայի մսագործ»

Էրդողանը Նեթանյահուին անվանել է «Գազայի մսագործ»
Աշխարհ
17:19, 29 ноябрь 2023
Թուրքիան կհասնի այն բանին, որ Իսրայելին պատասխանատվության ենթարկեն միջազգային ատյաններում այն հանցագործությունների համար, որոնք Բենիամին Նեթանյահուի վարչակազմը կատարել է Գազայի հատվածում։ Այս մասին խորհրդարանի նիստում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Իր ելույթում թուրք առաջնորդը Իսրայելի վարչապետին բնութագրել է որպես «Գազայի մսագործ», իսկ ՑԱԽԱԼ-ի գործողությունները Գազայի հատվածում անվանել է «ցեղասպանություն»։

«Գազայից իմ եղբայրները ենթարկվել են մարդկության պատմության մեջ ամենաուխտադրուժ հարձակումների։ Նրանք (իսրայելցի զինվորականները) իրականացրել են ցեղասպանություն, ողջ մարդկության աչքի առաջ այրել ու ոչնչացրել են մարդկանց։ Ցեղասպանություն են իրականացրել 2,3 միլիոն մարդու նկատմամբ,- ասել է Էրդողանը։- «Նեթանյահուն, ով Գազայում կատարել է այս դարի ամենամեծ ոճրագործություններից մեկը, արդեն իր անունը պատմության մեջ գրել է որպես Գազայի մսագործ»: 

Թուրքիայի նախագահի խոսքով՝ Իսրայելի վարչակազմի հայտարարությունները նվազեցնում են հույսերը, որ Գազայի հատվածում մարդասիրական դադարը կվերածվի տևական հրադադարի։ Իսրայելի վարչապետի գործողությունները բորբոքում են հակասեմիտիզմ և սպառնալիքի տակ դնում հրեաների կյանքը ողջ աշխարհում, հավելել է Էրդողանը։