Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բեռլինի բնակիչները երեք օր գործադուլ անող ֆերմերներին սնունդ են տանում

Բեռլինում՝ Բրանդենբուրգյան դարպասների մոտ, ֆերմերները արդեն երրորդ օրն է բողոքի ցույց են անում՝ սուբսիդիաները նվազեցնելու կառավարության ծրագրերի պատճառով։ Ի նշան համերաշխության՝ Գերմանիայի մայրաքաղաքի բնակիչները նրանց սնունդ են տանում, հաղորդում է RIA Novosti-ի թղթակիցը դեպքի վայրից։

Բողոքի ակցիաների համակարգողներից Դինն ասել է, որ բեռլինցիները վերջին օրերին բավականին հաճախ են իրենց համերաշխությունը ցույց տալիս այսկերպ։ Նրա խոսքով, ֆերմերները մտադիր են փողոցում մնալ մինչև ամսի 15-ը։ Այդ օրը կկայանա  ամփոփիչ ցույցը, որով կավարտվի յոթօրյա գործադուլը։ 

Այս պահին անհատ ֆերմերները, ոստիկանների ուղեկցությամբ, օրը մի քանի անգամ իրենց տրակտորներով պտտվում են քաղաքում, ապա վերադառնում Բրանդենբուրգյան դարպասների մոտ։

Տրակտորների և մեքենաների գտնվելու վայրը համաձայնեցված է Բեռլինի ոստիկանության հետ։


Ըստ ֆերմերների արհմիության կայքի՝ երկուշաբթի Գերմանիայի փողոցներ են դուրս եկել մոտ 100 հազար տրակտորներ։


ՀԻշեցնենք, որ Գերմանիայի կառավարությունը դեկտեմբերին հայտարարեց բյուջեի խնայողության միջոցառումների մասին, որով առաջարկվում է վերացնել դիզելային վառելիքի սուբսիդիաները, ինչը գանձապետարանին կբերի 440 մլն եվրո, ինչպես նաև անտառտնտեսության և գյուղատնտեսության մեջ օգտագործվող մեքենաների արտոնյալ հարկումը, սա էլ կխնայի ևս 480 մլն: Կառավարության այս հայտարարությունից հետո ֆերմերները սկսեցին բողոքի ցույցերը։


Անահիտ Խաչատրյան