Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սով չի լինի. ուկրաինացի ֆերմերները փրկում են ցանքսը

Սով չի լինի. ուկրաինացի ֆերմերները փրկում են ցանքսը
Աշխարհ
18:30, 31 март 2022
Վիննիցայի մարզում ցանքի արշավը սկսվել է սովորականից մի քանի շաբաթ շուտ։ Ցանում են գարնանացան ցորեն ու գարի։ Ֆերմերները ցանկանում են լավ եղանակ «բռնել» և պատերազմի պատճառով շտապում են ցանել։ Նախկինում Վիննիցայի շրջանի բնակիչներից Վիտալին եգիպտացորեն և սոյա էր ցանում, իսկ հիմա մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ միայն ցորեն է ցանում։ Այդ մասին տեղեկանում ենք ուկրաինական «Ունիան» կայքից։

Ռազմական վարչակազմից ուկրաինացիներին խնդրում են ավելի քիչ եգիպտացորեն և արևածաղիկ ցանել, որը նախկինում արտահանվում էր, ավելի շատ ցանել պարենային հացահատիկ և հնդկաձավար։ Պոդոլիայի կերերի և գյուղատնտեսության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Կորնեյչուկն ասում է, որ սննդի անվտանգությունն ապահովող հիմնական մշակաբույսերն են գարնանացան ցորենն ու գարին, հնդկաձավարը, կորեկը և շաքարի ճակնդեղը։ Հենց այս մշակաբույսերն են հիմա ցանելու ֆերմերները։ 

Արդեն 24 տարի ցանքսով զբաղվող ֆերմերը նշում է, որ այս տարվա ցանքի  արշավը ամենակարևորն է լինելու այս տարիների ընթացքում: Գիտնականներն առաջարկում են ցանել հնդկաձավարի գերվաղ տեսակներ, որոնք տարեկան երկու անգամ բերք են տալիս, և նույնիսկ բրինձ։ Սա կօգնի երկիրը հացահատիկով ապահովել։

Կարտոֆիլ կտնկվի նաև արդյունաբերական մասշտաբով։ Վիննիցայի շրջանի ֆերմերներին արդեն խոստանում են անտոկոս վարկեր, սակայն տարածաշրջանում վառելիքը շատ քիչ է:

«Վիննիցայի շրջանին անհրաժեշտ է գրեթե 22 հազար տոննա դիզվառելիք, իսկ այսօր հանքային պարարտանյութերի հետ կապված շատ մեծ խնդիր կա, հակառակորդը հարվածում է նավթի պահեստներին, հարվածում է կետային՝ սննդի պահեստներին: Նրանք հույս ունեն, որ մենք սոված կմնանք»,- ասել է Վիննիցայի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Բորզովը։

Սակայն ֆերմերները վստահեցնում են, որ սով չի լինի։ Նրանք շտապում են որքան հնարավոր է շուտ ցանել բոլոր դաշտերը։ Հատուկ սարքավորումը կանգ է առնում միայն այն ժամանակ, երբ հնչում է օդային հարձակման ազդանշան: Եթե ֆերմերները լսում են ազդանշաններ, նրանք արդեն գիտեն, թե ինչ անել: Ֆերմերները պառկում են հենց տրակտորների հետևում և սպասում են ահազանգին: Վտանգն անցնելուց հետո նրանք շարունակում են աշխատել։