Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խուճապի խնդիր չկա, այդքան սնունդ առնելու կարիք չկա, տանելու են տունը փչացնեն. ՍԱՏՄ ղեկավար

«Վերջին օրերին ապրանքների թանկացումների վերաբերյալ մենք վերլուծություններ չենք արել և չենք էլ պատրաստվում անել, որովհետև դա մեր գործառույթը չէ. թանկացումների և մրցակցության պաշտպանության համար կա համապատասխան հանձնաժողով, բայց մենք կապի մեջ ենք Ռուսաստանի, այլ երկրների մեր գործընկերների հետ, որտեղից ունենք հիմնական ներմուծումը, և կարող եմ ասել, որ այս պահին և մոտակա երկու-երեք ամսվա ընթացքում որևէ խնդիր չունենք, և այդ խուճապի իմաստը չկա. այդ սննդամթերքը տանելու են տուն, փչացնեն ու թափեն»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը։ 

Այնուհետև նա նշեց, որ հիմա բանակցությունները տանում են, որպեսզի կարողանան ապահովել նաև հետագայում, քանի որ Ռուսաստանի արտահանման ծավալների մեջ մենք շատ փոքր տոկոս ենք կազմում, և մեր սպառած սննդամթերքը իրենց պարենային անվտանգությանը չի վնասի։

«Իսկ սպառողների իրավունքների պաշտպանությունը մեր մասով սննդամթերքի անվտանգությունն է, այլ ոչ թե գինը, խուճապը կամ մնացած հարցերը»,- ասաց ՍԱՏՄ ղեկավարը։   

Խոսելով նաև սերմացուի ներկրման մասին՝ ՍԱՏՄ ղեկավարն ասաց, որ սերմացու ներկրողներից որևէ բողոք այս պահին չկա, որևէ խնդիր չեն բարձրացրել։ Նա նշեց, որ ասուլիսի գալուց մեկ ժամ առաջ խոսել է «Ագրոգյուղացիական» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի հետ, և նա ասել է, որ ո՛չ ցորենի, ո՛չ  կարտոֆիլի, ոչ էլ կաղամբի սերմացուի  հետ կապված խնդիրներ չունենք, ապահովված ենք և կարող ենք ցանքսը ապահովել։

«Մենք ուրիշ խնդիր ունենք, որը կապված չէ պատերազմների հետ. սերմերի գրանցման հարցը, ինչը ժամանակին բերվեց, անլուրջ մակարդակի հասցվեց: Մենք ունենք խնդիր, որ բերում են՝ ինչ սերմ պատահի։ Բերում են և ցանում են, հետևաբար գյուղացիները գիտեն, որ մի հեկտարից կարելի է ստանալ այսքան բերք, փաստորեն բերում ցանում են, հասկանում են, որ մի հեկտարից ոչ միայն այդքանը չստացան, այլև դրա կեսը հազիվ են ստանում։ Դա նրանից է, որ  սերմերը ներմուծելու դեպքում չէին գրանցում, կամ գրանցման պրոցեսը թերի է  եղել և այլն, ու անորակ սերմեր են բերվել։ Փառք Աստծու, անցյալ տարի այդ որոշումը փոխվեց, և արդեն շուտով յուրաքանչյուր սերմ կսկսեն գրանցել»,- ասաց ՍԱՏՄ ղեկավարը։  

Մանրամասները՝ տեսանյութում