Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այն մարդիկ, որոնք կենդանական ծագման մթերքը գնում են փողոցից, չեն հարգում սեփական անձը և սեփական ընտանիքը. Գեորգի Ավետիսյան

«Ամենախնդրահարույցը և ամենառիսկայինն իհարկե համարվում է կենդանական ծագման մթերքների ոլորտը: Ամենախնդրահույցն այս պահին մսի վաճառքն է, որովհետև 2020 թվականից, ճիշտ է, մենք ունենք իրավական կարգավորում, որը պարտադրում է պարտադիր սպանդանոցային մորթը, սակայն ժամանակը և պրակտիկան ցույց են տալիս, որ կա ինչ-որ մարդկանց խումբ, այսպես կոչված՝ դալալներ, որոնք ինչ-որ մեխանիզմներ են մշակել, որով խաբում են թե՛ մեզ, թե՛ սպառողներին»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը։ 
 
Նա նշեց, որ իրենք էլ հակազդում են և մտածում են այլ մեխանիզմներ, որով կկարողանան կանխել իրենց խաբելու այդ պրոցեսը և թույլ չեն տա, որ ոչ սպանդանոցային ծագման միս վաճառվի խանութներում, էլ չասած՝ փողոցային առևտրի մասին, որի մասին բազմիցս ասել է և չի զլանում ևս մեկ անգամ կրկնել, որ այն մարդիկ, որոնք փողոցից գնում են կենդանական ծագման մթերք՝ իրենք սեփական անձը չեն հարգում, ինչպես նաև սեփական ընտանիքը չեն հարգում։

«Մեր ամենալուրջ խնդիրը, ամենամեծ գլխացավանքը  ոլորտում այս պահի դրությամբ դա է, բայց կարծում եմ՝ այլ գերատեսչությունների հետ, մասնավորապես, ոստիկանության հետ համատեղ մենք կկարողանանք այս հարցի լուծումը տալ։ Շատ մեծ աշխատանք ենք տանում նաև տեսչական մարմինների համակարգման գրասենյակի հետ, որպեսզի մշակենք իրավական դաշտը՝ հասկանալու համար, թե որտեղ ինչ կարող ենք կիրառել, որպեսզի  սպառողներին վտանգավոր մսեղիք չվաճառեն»,- ասաց ՍԱՏՄ ղեկավարը։ 

Գեորգի Ավետիսյանի խոսքով՝ քանի որ իրենք իրավասություն չունեն փողոցային առևտրի վրա ազդելու, իրենք միայն արձանագրում են և գրավոր դիմում են թե՛ ոստիկանությանը, թե՛ ՏԻՄ-երին, որ իրենց գործառույթների շրջանակում վերահսկողութուն իրականացնեն։
Նա նաև տեղեկացրեց, որ վերջերս ահազանգ են ստացել, որ մեքենաների բեռնախցիկներից հավի միս է վաճառվում: Քանի որ ահազանգը ստացել էին, և իրենք չէին կարողանում ինչ-որ բան անել, հորդորել են մեր ազգաբնակչությանը՝ նման մեքենաներ տեսնելու դեպքում զանգահարել թե՛ իրենց, թե՛ ՏԻՄ-երին, թե՛ ոստիկանությանը, որպեսզի վտանգավոր մթերքի վաճառքը կարողանան կասեցնել։ 

Մանրամասները՝ տեսանյութում