Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՍԱՏՄ-ն խստացված վերահսկողություն է իրականացնում մսի տաղավարներում

ՍԱՏՄ-ն խստացված վերահսկողություն է իրականացնում մսի տաղավարներում
Հասարակություն
16:25, 23 декабрь 2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Ամանորին ընդառաջ, դեկտեմբերի 21-ից սկսել է ուժեղացված վերահսկողությունը մսի իրացման շուկաներում:
 
Սննդամթերքի ոլորտը վերահսկող մարմնի տեսուչներն անակնկալ ստուգայցեր են իրականացնում թե՛ վաղ առավոտյան` շուկաներում մսի մատակարարման ժամին, թե՛ երեկոյան, երբ ոչ սպանդանոցային մսի իրացումն առավել հավանական կարող է լինել:
 
Վերահսկողությունը մեկնարկել է Երևանի Խորենացու փողոցի մսի տաղավարներից (ԳՈՒՄ-ի շուկային հարող տարածք) և կշարունակվի Երևանի մսի վաճառքի բոլոր կետերում: Այսպիսի խստացման նպատակն է նախևառաջ հսկել ստացված մսի ծագումը և ապա՝ մսի տեղափոխման պայմաններն ու տաղավարների սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը:
Տեսչական մարմնի մասնագետներն արդեն եղել են գործող 26 տաղավարներում, ստուգել  ստացվող մսեղիքն ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերը:
 
8 տնտեսավարողի մոտ արձանագրվել են անհամապատասխանություններ՝ բացակայել է սպանդանոցային ծագումը հավաստող թիվ 5 անասնաբուժական փաստաթուղթը, մսի տեղափոխումն իրականացվել է սանիտարահիգիենիկ և սահմանված այլ նորմերին չհամապատասխանող փոխադրամիջոցներով, նաև՝ տաղավարներից մի քանիսում չեն պահպանվել սանիտարահիգիենիկ նորմերը:
 
Կազմվել են արձանագրություններ, որոնց հիման վրա կսահմանվի վարչական պատասխանատվություն:
 
ՍԱՏՄ հսկողությունը փաստել է նաև, որ ի համեմատություն նախորդ տարիների, որոշակիորեն բարելավվել են թե՛ մսի տեղափոխման պայմանները, թե՛ տաղավարների սանիտարահիգիենիկ վիճակը, իսկ տաղավարների հիմնական մասում ներկայացվում է կենդանիների սպանդից գոյացած վերամշակված, իրացվող, վաճառվող, մատակարարվող կենդանական ծագման մթերքի և կենդանական ծագման հումքի սպանդանոցային ծագումը հավաստող թիվ 5 անասնաբուժական փաստաթուղթը:
 
Մսի իրացման շուկաներում ուժեղացված վերահսկողությունը կշարունակվի մինչև դեկտեմբերի 31-ը, իսկ դրա արդյունքների մասին ամփոփ տեղեկատվությունը՝ 2022 թ. առաջին աշխատանքային օրը՝ հունվարի 3-ին: