Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոլդովայի ԱԳ նախարարը հրաժարական է տվել

Մոլդովայի ԱԳ նախարարը հրաժարական է տվել
Աշխարհ
12:03, 24 январь 2024
Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Նիկու Պոպեսկուն հրաժարական է տվել: 

«Ես հայտարարում եմ իմ հրաժարականի մասին խորը գոհունակության զգացողությամբ։ Երկուսուկես տարվա ընթացքում կարողացանք լուծել Մոլդովայի հիմնարար խնդիրները։ Մենք կարողացանք ամուր և  անշրջելի կերպով Մոլդովային դնել եվրաինտեգրման ճանապարհին։ Մեզ հաջողվեց Մոլդովային դուրս բերել ամենաամոթալի ժամանակաշրջանից, երբ դիվանագիտությունը ծառայում էր օլիգարխներին»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Պոպեսկուն։

«Երկուսուկես տարի առաջ քչերը կարող էին հավատալ, որ մենք կկարողանանք ստանալ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, սկսենք ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները, անցկացնել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Մոլդովայում, որին մասնակցել են 48 պետությունների և կառավարությունների ղեկավարներ»,- ասել է նա։ 

Պոպեսկուն կարծում է, որ կատարել է իր առջև դրված խնդիրները։ «Ինձ ընդմիջում է պետք, բայց նախագահ Մայա Սանդուի հետ միասին ես կշարունակեմ աջակցել Մոլդովայի առաջխաղացմանը եվրաինտեգրման ճանապարհով»,- հավելել է նա:

Հրաժարականը պետք է ընդունվի կառավարության նիստում։