Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոլդովայի կառավարությունը հրաժարական է տվել. պատճառները չեն նշվում

Մոլդովայի կառավարությունը հրաժարական է տվել. պատճառները չեն նշվում
Քաղաքականություն / Աշխարհ
19:27, 10 февраль 2023
Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան ուրբաթ հրաժարական է տվել։ Երկրի օրենքի համաձայն՝ վարչապետի հետ հեռանում է նաև ամբողջ կառավարությունը ․ գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
 
Նախագահ Մայա Սանդուն արդեն կաբինետի ղեկավարի պաշտոնում առաջադրել է իր մերձավոր շրջապատից մեկին՝ Դորին Ռեյսին։
 
 Նշվում է, որ վերջնական որոշումը կկայացվի նախագահի և խորհրդարանական խմբակցությունների խորհրդակցություններից հետո։
 
«Շատ շնորհակալ եմ, Նատալյա: Չնայած աննախադեպ դժվարություններին, երկիրը ղեկավարվում էր պատասխանատվությամբ, մեծ խնամքով և նվիրվածությամբ: Մենք ունենք կայունություն, խաղաղություն և զարգացում, չնայած, որ մյուսները ցանկանում էին պատերազմ և սնանկություն», - ասել է Սանդուն:
 
Նատալյա Գավրիլիցան վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի օգոստոսից, իսկ մինչ այդ գլխավորում էր Մոլդովայի ֆինանսների նախարարությունը։
 
Նա հրաժարականի կոնկրետ պատճառներ չի հայտնել, սակայն ուրբաթ կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է, որ իր կառավարությունը վերջին մեկուկես տարվա ընթացքում երկիրը ղեկավարել է շարունակական ճգնաժամերի պայմաններում։ Պաշտոնյան նաև հասկացնել է տվել, որ իր կաբինետը չի գտել ժողովրդի աջակցությունը:

 
«Եթե Մոլդովայում կառավարությունը նույնքան աջակցություն ունենար, որքան ԵՄ-ում, Բրյուսելում, ապա մենք շատ ավելիին կհասնեինք»,- ասել է Գավրիլիցան։

Անահիտ Խաչատրյան