Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ում «կոռումպացված ռուս օլիգարխների» դեմ պայքարի հատուկ խումբ է ստեղծվում

ԱՄՆ-ում «կոռումպացված ռուս օլիգարխների» դեմ պայքարի հատուկ խումբ է ստեղծվում
Աշխարհ
18:26, 03 март 2022
ԱՄՆ-ում «կոռումպացված ռուս օլիգարխների» դեմ պայքարի հատուկ խումբ է ստեղծվում։ Չորեքշաբթի օրը՝ մարտի 2-ին, ԱՄՆ դատախազ Մերրիկ Գարլանդը հայտարարել է, որ իր գրասենյակն օգտագործում է բոլոր առկա լիազորությունները՝ բռնագրավելու այն անձանց և ընկերությունների ունեցվածքը, որոնց դեմ սահմանվել են ԱՄՆ պատժամիջոցները՝ Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով: Այս մասին հաղորդում է գերմանական Deutsche Welle պարբերականը։

Գարլանդի խոսքով՝ «կոռումպացված ռուս օլիգարխների» դեմ պայքարը վստահված է «KleptoCapture» աշխատանքային խմբին, որի կազմում կլինեն ԱՄՆ արդարադատության նախարարության և այլ իրավապահ մարմինների քննիչներ, վերլուծաբաններ և այլ փորձագետներ։

«Մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները՝ հետաքննելու, ձերբակալելու և հետապնդելու նրանց, ում հանցավոր գործողությունները թույլ են տալիս Ռուսաստանի կառավարությանը շարունակել այս անարդար պատերազմը: Ես շատ պարզ կասեմ՝ եթե դուք խախտեք մեր օրենքները, ապա մենք ձեզ պատասխանատվության կենթարկենք», - նշել է ամերիկացի պաշտոնյան։

ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Լիզա Մոնակոն իր հերթին ասել է. «Նրանք, ովքեր աջակցում են ռուսական ռեժիմին կոռուպցիայի և պատժամիջոցների շրջանցման միջոցով՝ մենք ձեզ կզրկենք գույքից և պատասխանատվության կենթարկենք: Ես զգուշացնում եմ օլիգարխներին. մենք կօգտագործենք բոլոր գործիքները սառեցնելու և բռնագրավելու ձեր հանցավոր ունեցվածքը»։ 

Հիշեցնենք, որ մարտի 1-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժողովրդին ուղղված իր հեռուստաուղերձում հայտարարեց ռուս օլիգարխների դեմ կոշտ միջոցների մասին։ «Արևմուտքը կբռնագրավի ձեր զբոսանավերը, շքեղ գույքն ու մասնավոր ինքնաթիռները»,- սպառնացել էր նա եւ չէր բացառել նաեւ ռուսական նավթի ներկրման արգելքը։