Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պեկինում ջրհեղեղի հետևանքով մահացել է առնվազն 11 մարդ

Պեկինում ջրհեղեղի հետևանքով մահացել է առնվազն 11 մարդ
Աշխարհ
12:44, 04 август 2023
Պեկինում ջրհեղեղի հետևանքով մահացել է առնվազն 11 մարդ, ևս 27-ը համարվում են անհետ կորած: Այս մասին հայտնել է Associated Press-ը։

Գործակալության տվյալներով՝ Չինաստանի մայրաքաղաքի իշխանությունները հայտարարել են նաև ավելի քան 50 հազար բնակիչների տարհանման մասին, որոնց տները գտնվում են հեղեղված շրջաններում։

Պեկինի որոշ մայրուղիներում փակ է երթևեկությունը, փակ են երկաթուղային կայարանները։

Պեկինում և երկրի այլ քաղաքներում հորդառատ անձրևներ է առաջացրել «Դոքսուրի» թայֆունը։ Նախօրեին երկրում գրանցվել են ռեկորդային տեղումներ այս տարվա կտրվածքով։

Ավելի վաղ «Դոքսուրին» հարվածել էր Ֆիլիպիններին, մեկ շաբաթում վատ եղանակը հանգեցրել էր 39 մարդու մահվան։ Հազարավոր մարդիկ մնացել են իրենց գլխավերևում առանց տանիքի կամ ստիպված են եղել տարհանվել։ Թայֆունը նաև հորդառատ անձրևներ և ուժեղ քամիներ է առաջացրել Թայվանում՝ հատկապես վնասվել է Թայվանի նեղուցի հարավային մասում գտնվող Պենհու արշիպելագը:

Բացի դրանից, օդերևութաբանները նախազգուշացնում են, որ մոտենում է «Հանուն» թայֆունը, որը Չինաստանին կհարվածի այս շաբաթ։
«Հանունը» երեքշաբթի հարվածել է ճապոնական Օկինավա կղզուն։ 20 կմ/ժ արագությամբ շարժվող թայֆունը ուժեղ քամիներ է առաջացրել, որոնց արագությունը հասել է 45 մ/վրկ-ի։

Թայֆունի պատճառով երեքշաբթի Օկինավայում ժամանակավորապես փակվել է տեղի վարչակազմի գրասենյակը։ Բացի դրանից, կղզու իշխանությունները չեղարկել են հարյուրավոր չվերթներ Նահա օդանավակայանում։