Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ անհետ կորածների որոնման հարցում

Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ անհետ կորածների որոնման հարցում
Տարածաշրջան
11:27, 14 февраль 2024
Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների պետական հանձնաժողովը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ՝ ապահովելու երկու կողմից անհետ կորածների որոնումը։ Այս մասին ասվում է կառույցի հայտարարության մեջ։

«Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովը ողջունում է Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցի հայտարարությունը ռազմական գործողությունների ժամանակ անհետ կորածների ճակատագիրը պարզելու ոլորտում համագործակցելու պատրաստակամության մասին և, ինչպես միշտ, նպատակահարմար է համարում միավորել ջանքերն այս ուղղությամբ։

44-օրյա պատերազմից հետո հայտնաբերվել և հայկական կողմին է հանձնվել 1713 մարդու մարմին, 2022 թվականի սեպտեմբերի 12-14-ը հայ-ադրբեջանական «պայմանական» սահմանին տեղի ունեցած ռազմական լարվածությունից հետո՝ 157 մարդու մարմին, 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը իրականացված «հակաահաբեկչական միջոցառումներից» հետո՝ 173 մարդու մարմին։

Ղարաբաղյան առաջին պատերազմում պետական հանձնաժողովում որպես անհետ կորած գրանցվել է Ադրբեջանի 3890 քաղաքացի, 2024թ. հունվարի 1-ի դրությամբ նրանցից միայն 25-ի աճյունն է նույնականացվել»,- ասվում է տեղեկատվության մեջ: