Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքվի վարքագիծը պետք է հայտնվի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում. հայ պատվիրակների ելույթները ԵԽԽՎ-ում

Բաքվի վարքագիծը պետք է հայտնվի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում. հայ պատվիրակների ելույթները ԵԽԽՎ-ում
Տարածաշրջան
12:27, 20 июнь 2023
Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը, որի նիստի մեկնարկին Վեհաժողովը քննարկել է «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի ապահովման» թեմայով հրատապ ընթացակարգով քննարկում կազմակերպելու հարցով ԵԽԽՎ Բյուրոյի առաջարկությունը։

Հայկական պատվիրակության անդամները  եվրոպական այդ ամբիոնից ևս մեկ անգամ բարձրաձայնել են Բաքվի սադրիչ գործողությունների մասին:

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը հայտարարել է.
«Մինչ մենք այստեղ ենք՝ լուծելու առկա խնդիրները, Ադրբեջանն ընդամենը մի քանի ժամ առաջ այսօր կրկին կրակ է բացել Հայաստանում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ։ Ուշադրությո՛ւն, ոչ թե Լեռնային Ղարաբաղում, այլ Հայաստանում։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ հունիսի 13-ին, ադրբեջանական կողմը կրակ էր բացել Հայաստանում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղությամբ։ Սրան նախորդել էին գործարանի կառուցման վերաբերյալ հայկական կողմի հասցեին Ադրբեջանի կեղծ մեղադրանքները։ Հայաստանը նախկինում հայտարարել էր, որ գործարանի կառուցումը լիովին համապատասխանում է իր միջազգային պարտավորություններին, և որ Ադրբեջանի կեղծ մտահոգությունները պարզապես ուղղված են Հայաստանի տնտեսական զարգացումը և օտարերկրյա ներդրումները խոչընդոտելուն։ Գնդակոծության հետևանքով վերավորվել է շինարարության վրա աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի»։

Հայաստանյան պատվիրակության անդամը նշել է, որ Ադրբեջանը բացահայտորեն անտեսում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները, մարդու իրավունքները և միջազգային իրավունքը: Բաքվի վարքագիծը, ըստ նրա, պետք է հայտնվի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, անհրաժեշտ են հստակ գործողություններ՝ զսպելու Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները և ուժի կիրառման անընդունելի քաղաքականությունը:

Լաչինի հարցով քննարկում անցկացնելու որոշմանը, ինչպես սպասվում էր, բացասաբար է արձագանքել ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը: 

«Այս թեմայով կազմակերպվող քննարկումն ավելի շուտ գլխացավանք կարող է առաջացնել։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ մենք այնքան ենք մոտեցել խաղաղությանը, որ այս միջամտությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ: Մենք կարծում ենք, որ ճիշտ ժամանակը չէ նման հարց քննարկելու համար»,- ասել է Սեիդովը։
Նրան պատասխանել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով, որ անկախ Հայաստանի ու Ադրբեջանի՝ խաղաղության հարցով տարվող բանակցություններից, ցանկացած քննարկում, որը վերաբերում է հումանիտար հարցերին, Լեռնային Ղարաբաղում ճգնաժամին, կարևոր է և չի կարող վնասել բանակցություններին։