Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԼՂ միջազգայնորեն ճանաչված միակ կարգավիճակը Ռոբերտ Քոչարյանը զոհեց այն բանի համար, որ միջազգային հանրությունը չնկատելու տա նրա կողմից իշխանությունը զավթելու հանգամանքը. Փաշինյան

«Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 1998թ. փետրվարի 4-ի հրաժարականի արդյունքում իշխանությունն անցնում է  Ղարաբաղի հարցին փորձագիտական մակարդակով տիրապետող Ռոբերտ Քոչարյանին, որի դերը այս գործընթացում երկակի է. նա մի կողմից՝ փորձագիտական մակարդակով տիրապետում է Ղարաբաղի հարցին, մյուս կողմից՝ Տեր-Պետրոսյանի հռչակված ուղեգիծը համարում է պարտվողական»,- այսօր՝ հունիսի 20-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչպես Ռոբերտ Քոչարյանը ԼՂ-ն զրկեց բանակցությունների մասնակցի կարգավիճակից և որևէ ինքնուրույնությունից ու այդպիսով խախտեց ԼՂ ժողովրդի կամքը: «Սա ԼՂ-ի սուբյեկտայնության վերջն էր, և միակ միջազգային ձեռքբերումը մսխվեց»,- ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ պատճառը ակնհայտ է.

«Քոչարյանը 1998թ. Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրեց լեգիտիմության կատարյալ բացակայության պայմաններում: ԼՂ միջազգայնորեն ճանաչված միակ կարգավիճակը նա զոհաբերեց միջազգային լեգիտիմություն ձեռք բերելու և այն բանի համար, որ միջազգային հանրությունը չնկատելու տա Հայաստանում նրա կողմից իշխանությունը զավթելու հանգամանքը»: