Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սա հեղափոխության վերջին փամփուշտ էր, բայց իշխանությունը ճիշտ չի գնահատում այս վիճակը․ Ռոբերտ Քոչարյան

Սա հեղափոխության վերջին փամփուշտ էր, բայց իշխանությունը ճիշտ չի գնահատում այս վիճակը․ Ռոբերտ Քոչարյան
Քաղաքականություն
17:14, 22 июнь 2021
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն հայտեց շուրջ 270 հազար քաղաքացիներին, որոնք իրենց քվեն են տվել «Հայաստան» դաշինքին։

Այս մասին այսօր` հունիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը։

«Արդյունքներն անսպասելի էին մեզ համար, ես կարծում եմ՝ անսպասելի էին նաւ շատ շատերի համար, առաջին հերթին այն պատճառով, որ բոլոր հարցումները ցույց էին տալիս այլ պատկեր և հարցումները տարբեր սոցիոլոգիական, նաև Գելափի, որին չի կարելի կասկածել իմ նկատմամբ սիմպատիաների մեջ։

Իհարկե, այստեղ մենք պետք է փորձենք գտնել բացատրություն։ Մենք ենթադրում ենք, որ այնուամենայնիվ եղել են զանգվածային խախտումներ, մենք ակնհայտ տեսել ենք վարչական ռեսուրսի կիրառում և այդ պատճառով մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները քննարկելու համար։

Հիմա մեր շտաբների կողմից հավաքագրվում են բոլոր նյութերը և այս մի քանի օրվա ընթացքում ի մի կբերենք ու մենք էլ ավելի լավ կպատկերացնենք, թե ինչ ծավալի բողոք է լինելու ՍԴ ներկայացնելու համար։

Արդյունքների մասին մեկ այլ կոնտեքստով․ համոզված եմ, որ այն մանդատը, որը ստացել է այս իշխանությունը, դա այս իշխանության նկատմամբ վստահության մանդատ չէ։ Մեր բոլոր հանդիպումները եղել են ավելի մարդաշատ, քան իշխանության ներկայացուցիչների հանդիպումները և շատ ավելի հզոր էներգետիկայով, քան իշխանության բոլոր հավաքները»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նա նաև իր անձնական կարծիքը հայտնեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ, որը, իր խոսքով, չի քննարկել գործընկերների հետ։

«Իմ տպավորությունը, որ այստեղ աշխատեց մի գործոն՝ նախկին իշխանությունների վերադարձի գործոնը և այդ գործոնն էապես ուժեղացրեց այն հանգամանքը, որ երեք նախկին նախագահ ակտիվ մասնակում էին ընտրություններին»,-ասաց նա։

2-րդ նախագահի խոսքով՝ այդ հանգամանքը չեն կարողացել կոտրել, որովհետև քարոզարշավը շատ կարճ է եղել, չեն հասցրել ավելի շատ հանդիպումներ ունենալ գյուղական միջավայրերում, որտեղ էլ մեծ արդյունքներ է գրանցել ներկա իշխանությունը։ Եթե լիներ 1-2 շաբաթ ավելի ժամանակ՝ կկարողանային փոխել նաև այդ պատկերացումը։

«Սա հեղափոխության վերջին փամփուշտ էր, բայց չեմ կարծում, որ իշխանությունը ճիշտ է գնահատում այս վիճակը, իրենք մտածում են, որ սա նոր մանդատ է իրենց համար, բայց կրկնում եմ, սա ավելի շատ հակառակ կողմից եկող մանդատն էր»,-ասաց Քոչարյանը։