Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանի «Հայաստան» դաշինքը կվերցնի մանդատները և կգնա ՍԴ ու փողոցային պայքարի

Քոչարյանի «Հայաստան» դաշինքը կվերցնի մանդատները և կգնա ՍԴ ու փողոցային պայքարի
Քաղաքականություն
13:08, 22 июнь 2021
«Հայաստան» դաշինքը դեռ վերջնական որոշում չի կայացրել՝ վերցնել մանդատը, թե ոչ, սակայն Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ փողոցային պայքարը պետք է զուգակցել պառլամենտական պայքարի հետ:

«Մենք դաշինքում վերջնական որոշում մանդատներ վերցնելու վերաբերյալ չունենք: Երեկ քննարկում էինք, և Սեյրան Օհանյանը մի հետաքրքիր համեմատություն բերեց, որ մարտական գործողությունների ժամանակ եթե ամբողջական խնդիր չի լուծվում, և դու պահում ես ինչ-որ խրամատներ, ապա պիտի այդ խրամատները ոչ թե պահես, այլ ամրացնես հետագա գրոհի համար։ Հիմա պատերազմ չի, բայց քաղաքական պայքար է, և այդ համեմատությունը կարելի է ավելի մեղմ տերմիններով կիրառել նաև այս պարագայում»,-այս մասին «Հայաստան» դաշինքի ասուլիսի ժամանակ հայտարարեց երկրորդ նախագահ։

Ռոբերտ Քոչարյանը՝ ընդգծելով, որ փողոցային պայքարը պետք է զուգակցել պառլամենտական պայքարի հետ։

Քանի որ «Հայաստան» դաշինքում որոշում է կայացնում մեկ մարդ և այդ մեկ մարդը Ռոբերտ Քոչարյանն է, ապա կարելի է վստահաբար պնդել դաշինքը կվերցնի մանդատները։ Հատկապես, որ ՀՅԴ-ն նույնպես հակված է չհրաժարվել մանդատից՝ ինչպես ասել է Իշխան Սաղաթելյանը։

«Մենք ունենք շատ ակտիվ կողմնակիցներ, ունենք փողոցային պայքարի մեծ փորձ: Կարծում եմ, այս համատեղումը միայն մեծացնում է հնարավորությունները »,-ասել է Քոչարյանը:

Նրա դիտարկմամբ՝ այս ընտրություններն էապես փոխեց խորհրդարանի և արտախորհդարանական ուժերի լանդշաֆտը.««Հայաստան» դաշինքի մուտքը այս պայքար ցունամիի պես մի բան էր, մենք այս տեմպը պահելու ենք: Համոզված ենք թե՛ մարդկային ռեսուրսի առումով, թե՛ թիմային կարողությունների առումով այս հնարավորությունն ունենք»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

«Պետք է ձգտենք գտնել բացատրություն եւ գտնում ենք, որ այնուամենայնիվ եղել են զանգվածային խախտումներ, կան վարչական ռեսուրսի կիրառման դեպքեր եւ դրա համար էլ դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները քննելու համար»,- նշեց նա՝ շարունակելով․ «Պառլամենտական պայքարը միայն կարող է ուժեղացնել, այլ ոչ թե փոխարինելու է։ Նաև փողոցային պայքարը․ մենք ունենք շատ ակտիվ կողմնակիցներ, մենք ունենք փողոցային պայքարի մեծ փորձ, կարծում եմ՝ այդ համատեղումը ուժեղացնում է մեր հնարավորությունները»։