Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զգույշ՝ շատ չմաշվես․ Քոչարյանը ստանձնեց մեդիատեռորի ու երկիրը քաղաքացիական բախումների տանելու պատասխանատվությունը

Զգույշ՝ շատ չմաշվես․ Քոչարյանը ստանձնեց մեդիատեռորի ու երկիրը քաղաքացիական բախումների տանելու պատասխանատվությունը
Քաղաքականություն
15:59, 25 май 2021
Սեփական նախընտրական դաշինքի ասուլիսը ԶԼՄ-ներից թաքցրած ու ազատ խոսքից և լրագրողների անսպասելի հարցերից կտրուկ խուսափող Ռոբերտ Քոչարյանն այսօր հայտարարել է Փաշինյանի իշխանության ռեյտինգը «մինչև քոք մաշեցնելու» մասին։ Թե ինչ մեթոդների է դիմում Քոչարյանը և ում է օգտագործում այս օրերին, հայտնի է շատերին։
 
Իսկ այսօր նա ուղղակի պատասխանատվություն ստանձնեց մեդիատեռորի և երկիրը քաղաքացիական բախումների տանելու ծրագրերի համար։ 

Մամուլի ասուլիսի ընթացքում, որին ներկա էին «նախընտրելի» լրատվամիջոցներ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով լրագրողի հարցին՝ ինչպե՞ս եք «կրելու», քանի որ ակնհայտ է, որ գործող իշխանությունը, համաձայն հարցումների, ունի բավական բարձր ռեյտինգ, հայտարարել է․ «Մենք չենք ասում, որ այսօրվա պաշտոնակատարը վարկանիշ չունի, բայց մենք վստահ ենք, որ 25-30 տոկոս ունենալով խորհրդարանում, հնարավոր չէ վերընտրվել վարչապետ և կառավարություն ձևավորել, եթե քո հետ չլինեն այլ ուժեր, որոնք պատրաստ են քո հետ համագործակցել»։  

Ապա Քոչարյանը ավելացրել է․ «Եթե այդ 30 տոկոսը չհաջողվի մաշեցնել մինչև 15-20 տոկոս, միևնույնն է, այդ քաղաքական ուժին չի հաջողվելու ձևավորել Կառավարություն։ Բայց ամեն ինչ անելու ենք, մաշեցնելու ենք մինչև քոք»։ 

Ինչպե՞ս է Քոչարյանը մաշեցնում և պատրաստվում մաշեցնել իշխանության ռեյտինգը։ Արդյո՞ք խոսքը Ադրբեջանի հետ համատեղ, համահունչ քայլերի մասին է, կամ ադրբեջանական քարոզչական նյութերը հայաստանյան օրակարգ բերելու և ադրբեջանական օրակարգը՝ մեդիատեռորի միջոցով Հայաստան բերելու մասին։ 

Ակնհայտ է, որ նա իշխանության ռեյտինգը «մաշում է» ադրբեջանամետ, մանիպուլյատիվ, կեղծ, հակահայ պրոպագանդիստական նյութերը հայկական ինֆոդաշտ բերելու միջոցով։ Այնպես որ, կարելի է Քոչարյանի այս խոսքերը որպես ինքնախոստովանություն ընդունել այն մասին, որ  մեդիատեռորը ուղղորդվում է իր կողմից։

Թերևս դեռ իր նախագահության տարիներից ընտրություն կեղծելու մեխանիզմներին «քաջատեղյակ» Քոչարյանը նաև հայտարարել է․ «Եթե իշխանությունը փորձի կիրառել վարչական ռեսուրս՝ անհամաչափ, եթե իշխանությունը փորձի տարբեր եղանակներով կեղծել ընտրություններն, այո՛, այդ դեպքում լինելու են հետընտրական գործընթացներ, որոնք կարող են ունենալ նաև անկանխատեսելի հետևանքներ։ Ուրեմն այս իրավիճակում բոլորը պետք է դա գիտակցեն»։ Ապա հավելել՝ «Չունի այս իշխանությունը բավարար ռեսուրս նման կարգի լկտիություն ցուցադրելու համար»։ 

Հարցին՝ եթե նման բան լինի, ինքը կլինի՞ այն ուժերից մեկը, որ կգեներացնի նման գործընթացը, Քոչարյանը միանշանակ պատասխանել է․ «Այո՛, իհարկե»։

Այսպիսով, Քոչարյանը ստանձնում է երկիրը քաղաքացիական բախումների տանելու պատասխանատվությունը։ Հետընտրական «անկանխատեսելի իրավիճակները գեներացնելու» իր հայտարարությունը, նաև այն, որ իր քարոզչական պաստառները մերժվում են գրեթե բոլոր վայրերում, իսկ շտաբներն այսօր մարդկանց խնդրելով՝ փորձում են ցուցակագրել՝ ընտրության դիմաց գումար խոստանալով, արդեն իսկ փաստում է, որ Քոչարյանը ընտրության արդյունքից գոհ չի լինելու։ Ավելի ճիշտ՝ խիստ դժգոհ է լինելու։ 

Թերևս պատահական չէր, որ ՀԱԿ համագումարում Տեր-Պետրոսյանը բացահայտեց քաղաքացիական պատերազմի գնալու նրա վաղեմի «հակումները»։ Եթե սրան գումարենք այն, որ հենց նմանօրինակ բախումներ հրահրող «Հայրենիքի փրկության շարժումը» Քոչարյանի պրոյեկտն էր, ապա արդեն իսկ պարզ է դառնում թե՛ քոչարյանական ծրագրի գործիքը, թե՛ քաղաքացիական բախումների սցենարը։