Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանին աջակցող խումբը հայ զինվորներին ծաղրող ադրբեջանական եւ թուրքական տեսանյութեր է տարածում․ Լուսանկարներ

Քոչարյանին աջակցող խումբը հայ զինվորներին ծաղրող ադրբեջանական եւ թուրքական տեսանյութեր է տարածում․ Լուսանկարներ
Հասարակություն
16:19, 24 май 2021
Մայիսի 19-ին նախկին իշխանությանը պատկանող մամուլում տարածվեց տեսանյութ, որտեղ ադրբեջանցիները հարձակվել էին հայ զինծառայողների վրա։ Նույն լրատվամիջոցների մեծ մասը հետո չտարածեցին դեպքերի հակառակ ընթացք ունեցող տեսանյութը, որտեղ արդեն հայ զինծառայողներն էին նույնկերպ վարվում ադրբեջանցիների հետ եւ վռնդում ՀՀ սահմանից։

Civic.am
-ի ձեռքի տակ հայտնվեցին սքրինշոթեր Ռոբերտ Քոչարյանին աջակցող «Նախագահ Քոչարյանի համախոհներ» անունով, մոտ 10,000 հետեւորդներ ունեցող խմբից։ Տեսանյութերից մեկը մեր զինվորիների վրա հարձակված ադրբեջանցի զինծառայողների կողմից տեսանկարահանած հրապարակումն է եւ վերնագրված է հետեւյալ կերպ՝ «շատ նվաստացուցիչ տեսարան է, ոչխարի հոտի պես վտարում են մեր զինվորներին» եւ այն տարածված է երկու անգամ, երկու դեպքում էլ ադրբեջանցի օգտատերերն են սկզբնաղբյուրը, իսկ տարածողները՝ Քոչարյանին աջակցող խմբի անդամներ։

Նույն խմբում տարածված է նաեւ «Sahib Zamin»  անունով թուրք օգտատիրոջ կողմից տարածված տեսանյութը, որում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցն է Գեղարքունիքի մարզի N զորամաս, որտեղ վարչապետի ԺՊ-ն Մայիսի  9-ի կապակցությամբ պետական պարգևներ էր հանձնել մի շարք զինծառայողների, սակայն տեսանյութի ձայնը մոնտաժված է եւ դրանով թուրք օգտատերը ծաղրում է Նիկոլ Փաշինյանին եւ հայ զինծառայողներին։

Սքրինշոթերից մեկում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ծաղրող նկար է, որի հեղինակը կրկին ադրբեջանցի օգտատեր  է։

Նույն խմբում իր հրապարակումները տարածել է «Shame.am» էլեկտրոնային լրատվական կայքէջի հիմնադիր Արտյոմ Խաչատրյանը, ով նախկինում մեր տեղեկություններով աշխատում էր Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի համար, իսկ այժմ, կարծես Ռոբերտ Քոչարյանի կողմն է անցել։ Հիշեցնենք, որ Արտյոմ Խաչատրյանը 2020 թվականին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ Քաղավիացիայի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանի եւ նրա նորածին դստեր հասցեին վիրավորանքներ, ընդհուպ մինչեւ հայհոյանքներ հնչեցնելով:

Քոչարյանին աջակցող մեկ այլ խմբում էլ լուրեր է տարածել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի քույրը՝ Անժելա Թովմասյանը։

Ի դեպ, փոքրիկ մոնիթորինգի արդյունքում պարզ դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանին եւ նրա «Հայաստան» դաշինքին աջակցող ֆեյսբուքյան խմբերում տարածվում են չճշտված եւ կեղծ տեղեկություններ։

Առկա հրապարակումների վերաբերյալ փորձեցինք պարզաբանումներ ստանալ դաշինքի մամուլի ծառայությունից․ նախ նշեցին, որ տեղյակ չեն, թե ինչ խմբերի եւ սքրինշոթերի մասին է խոսքը եւ կփորձեն հետո պատասխանել,սակայն հետո մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին։ 

Նշենք, որ մի շարք հրապարակումներ այս պահին Ռոբերտ Քոչարյանին աջակցող խմբում առկա չեն, դրանք կարծես հեռացվել են։

Հիշեցնենք նաեւ, որ մայիսի 17-ի ՀՀ Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր խոսքում նշել էր,որ Հայաստանի Հանրապետությունում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ։

«Նրանց անուն ազգանունները նույնիսկ կարելի է նշել, և այդ մարդիկ 2020 թվականին Ադրբեջանի նախագահին հրավիրում էին հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա: Այս իրադարձություններից առաջ ցույց էին տալիս մոտավորապես այն տեղանքները, որտեղից կարելի է ներխուժել Հայաստանի Հանրապետության տարածք և նրանք հիմա նաև Հայաստանի Հանրապետության հանրության շրջանում տարածում են Ադրբեջանի քարոզչական թեզեր ու, ըստ էության, հուշում են, թե ինչպիսի բանակցային դիրքորոշումներ որդեգրի Ադրբեջանը, որպեսզի դրանք առավել նպաստավոր լինեն իրենց քաղաքական պայքարի համար: Ինձ համար միանշանակ է, որ այս ամեն ինչը պատահական լինել չի կարող, և պետք է կարողանանք հանդարտ հետաքննել, հասկանալ, թե ինչ է տեղի ունենում», - ասել էր Փաշինյանը։