Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԹՍ-ների նոր գրոհ Մոսկվայում. «Վնուկովո»-ն և «Դոմոդեդովո»-ն հայտնել են ինքնաթիռների ընդունման և թռիչքների սահմանափակումների մասին

ԱԹՍ-ների նոր գրոհ Մոսկվայում. «Վնուկովո»-ն և «Դոմոդեդովո»-ն հայտնել են ինքնաթիռների ընդունման և թռիչքների սահմանափակումների մասին
Ռուսաստան
12:05, 10 август 2023
Ռուսաստանի ՀՕՊ ուժերը օգոստոսի լույս 10-ի գիշերը խոցել են երկու հարվածային անօդաչու, որոնք թռչում էին Մոսկվայի ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Նրա խոսքով՝ անօդաչուները խոցվել են առավոտյան ժամը մոտավորապես չորսին, մեկը՝ Կալուգայի շրջանում, մյուսը՝ Կենտրոնական օղակաձև ճանապարհի տարածքում։ Այլ մանրամասներ նա չի հայտնել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ևս հայտարարել է անօդաչուների օգնությամբ «Կիևի ռեժիմի կողմից ահաբեկչական հարձակումներ իրականացնելու փորձը կանխելու մասին»։ Գերատեսչությունը հայտարարել է Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուների ոչնչացման մասին։

 Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայանները օգոստոսի լույս 10-ի գիշերը սահմանափակումներ են մտցրել ինքնաթիռների ընդունման և թռիչքների համար: «Վնուկովո»-ի մամուլի ծառայությունից ռուսական լրատվամիջոցներին հայտնել են, որ «օդանավակայանից անկախ պատճառներով» 02:43-ից 05:15-ը սահմանվել են ինքնաթիռների ընդունման և թռիչքի սահմանափակումներ։ «Դոմոդեդովո»-ն հայտնել է, որ սահմանափակումները մտցվել են «թռիչքների անվտանգության լրացուցիչ միջոցներ ապահովելու նպատակով»։

 Baza Telegram-ալիքը գրել է, որ «Վնուկովո» օդանավակայանում գիշերային ժամերին ներդրվել է «Կովյոր» պլանը, որը կիրառվում է, մասնավորապես, երբ օդային տարածքում հայտնվում են ինքնաթիռներ և «այլ նյութական օբյեկտներ», ինչպես նաև ՌԴ ԶՈՒ-ի կողմից զենքեր ու զինտեխնիկա կիրառելիս:

Օգոստոսի լույս 10-ի գիշերը հրդեհ և պայթյուններ են գրանցվել նաև մերձմոսկովյան «Դոմոդեդովո»-ում։ ԱԻՆ տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Կոնստանտինովո գյուղում այրվում է ավտոծառայություն, հրդեհի մակերեսը 1000 քմ է։ Գերատեսչությունը չի նշել հրդեհի պատճառները։ BBC-ն նշում է, որ «Դոմոդեդովո» օդանավակայանն այս վայրից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա է։ 

ՌԴ ՊՆ-ն նաև հաստատում է, որ երեկ երեկոյան ուկրաինական 11 անօդաչու թռչող սարքեր փորձել են գրոհել Սևաստոպոլը, սակայն վնասազերծվել են։ «Սևաստոպոլ քաղաքի մոտակայքում 2 ԱԹՍ խոցվել է ՀՕՊ հերթապահ միջոցներով, ևս 9-ը՝ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով, և առանց թիրախին հասնելու՝ կործանվել են Սև ծովի ջրերում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունից հավելել են, որ տուժածներ և ավերածություններ չկան։