Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընթանում են Լանջաղբյուրի ջրամբարի մոտեցնող ջրանցքի կառուցման աշխատանքները

Ընթանում են Լանջաղբյուրի ջրամբարի մոտեցնող ջրանցքի կառուցման աշխատանքները
Տնտեսություն
21:50, 31 октябрь 2023

Արդեն մեկ ամիս տաս օր է, ինչ Գեղարքունիքի մարզում մեկնարկել եւ ընթանում են Լանջաղբյուրի ջրամբարի մոտեցնող ջրանցքի կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն Արտաշ Սարդարյանը, ջրանցքի շինարարությունն իրականացվում է ՀՀ կառավարության տրամադրած միջոցներով, «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրերի» շրջանակներում։ Շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 130 միլիոն դրամ։

«Լանջաղբյուրի ջրամբարի մոտեցնող բետոնապատ ջրանցքը տարիների ընթացքում քայքայվել էր ու մեծ դժվարությամբ էր ծառայում իր նպատակներին, ինչի հետեւանքով վերջին տարիներին ամբողջությամբ հնարավոր չէր լինում ոռոգման շրջանի համար անհրաժեշտ քանակի ջուր ամբարել։ Խնդիրը կարգավորելու համար նախատեսված էր ջրանցքը վերակառուցել երկաթբետոնյա կիսախողովակներով, շուրջ 4 կիլոմետր երկարությամբ, սակայն նոր նախագծով այն  կառուցվում է   պոլիէթիլենային փակ խողովակաշարով, 2650 մետր երկարությամբ, որն ավելի հուսալի ու արդյունավետ է։ Հուսանք, որ 2024 թվականի ոռոգման շրջանից արդեն Լանջաղբյուրի ջրամբարի մոտեցնող ջրանցքը գործարկված կտեսնենք»,-ներկայացրեց Արտաշ Սարդարյանը։

Շինարարական աշխատանքներն իրականացնող «ԷՑՇ» ՍՊԸ աշխղեկ Յուրիկ Ավագյանի հավաստմամբ՝ անցած օրերի ընթացքում, շինարարության մեկնարկից ի վեր, արդեն կառուցվել է 1 կիլոմետր 600 մետր երկարության խողովակաշար, առաջիկա օրերին պատրաստ կլինի եւս 300 մետրը։

«Աշխատանքներն ընթանում են ծովի մակերեւույթից շուրջ 2700 մետր բարձրության վրա։ Եթե եղանակային պայմանները թույլ տան, կփորձենք ավելի մեծ ծավալի աշխատանքներ իրականացնել, սակայն հավանականն այն է, որ մնացած գործերը կշարունակենք 2024 թվականի գարնանից»,-հավաստեց Յուրիկ Ավագյանը։