Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոնյակի բարձրորակ սպիրտ արտահանած տնտեսվարողներին տրամադրել աջակցություն՝ յուրաքանչյուր լիտրի համար 100 դրամ. էկոնոմիկայի նախարարության նախագիծը

Կոնյակի բարձրորակ սպիրտ արտահանած տնտեսվարողներին տրամադրել աջակցություն՝ յուրաքանչյուր լիտրի համար 100 դրամ. էկոնոմիկայի նախարարության նախագիծը
Տնտեսություն
21:45, 25 январь 2024
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է տնտեսվարողներին պետական աջակցություն տրամադրել արտահանված յուրաքանչյուր լիտր բարձրորակ կոնյակի սպիրտների համար՝ 100 դրամի չափով։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ  Իրավական ակտերի նախագծերի հրապարակման  կայքից։

Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշված է, որ Կառավարության 2020 թվականի համապատասխան որոշման հիման վրա 2020 թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2023 թ.  դեկտեմբերի 30-ը տնտեսվարողներին ցուցաբերվել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով  սահմանված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքի չափով օժանդակություն, որը զգալիորեն նպաստել է արտահանվող կոնյակի սպիրտների մրցունակության ապահովմանը և իրացման ծավալների ավելացմանը։ Որոշման նախագիծը ընդունվելու դեպքում կգործի  մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը։ Ընդհանուր առմամբ ակնկալվում է, որ աջակցության տրամադրման դեպքում կարտահանվի շուրջ 7.0 մլն լիտր կոնյակի սպիրտ, որի արդյունքում  կունենանք շուրջ 80.0 հազար տոննա խաղողի մթերման համար անհրաժեշտ լրացուցիչ ազատ տարողություններ։

Նշենք, որ 2019 թվականին կոնյակի սպիրտի արտահանումը կազմել է 14.5 մլն լիտր (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով), այնուհետև տարբեր գործոններով պայմանավորված արտահանման ծավալները սկսել են նվազել, և 2020-2022 թվականների ընթացքում արտահանումը կազմել է 17.1 մլն լիտր։ 

2023 թվականի երկրորդ կիսամյակից սկսած արտահանման ծավալներն զգալիորեն ավելացել են, և, օպերատիվ տվյալներով, 2023 թվականի 11 ամիսների արտահանման ծավալը կազմել է շուրջ 10.2 մլն լիտր։

2020-2023 թվականներին կազմակերպությունների կողմից մթերված խաղողից արտադրված կոնյակի սպիրտների ծավալները գնահատվում են շուրջ 50.0 մլն բացարձակ լիտր։ Նկատի ունենալով, որ կոնյակի սպիրտը պետք է իրացվի առնվազն 3 տարի 
հնացումից հետո, ապա 2023 թվականին կարող էին իրացվել մինչև 2019 թվականը և որոշ չափով նաև 2020 թվականին (2020 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին հնացման դրված) արտադրված կոնյակի սպիրտները, հետևաբար տնտեսվարողների մոտ 2020-2023 թվականներին մթերված խաղողից արտադրված սպիրտների մնացորդները գնահատվում են շուրջ 30.0 մլն լիտր։ 

«Մյուս կողմից՝ այսօրվա դրությամբ կոնյակի սպիրտի շուկայում ձևավորված վաճառքի գինը կազմում է 4.5 ԱՄՆ դոլար, իսկ 120
դրամով մթերված խաղողից արտադրված կոնյակի սպիրտի ինքնարժեքը կազմում է շուրջ 1670 դրամ (հումքի արժեք՝ 11կգx120 
դրամ+վերամշակման և թորման ծախսեր՝ 160 դրամ+3 տարի հնացման ժամանակ առաջացող շուրջ 12.9 % բնական կորուստներ՝ 190 դրամ) կամ 4.18 ԱՄՆ դոլար` առանց մթերումների նպատակով ներգրավված վարկերի սպասարկման ծախսերի։ 

Հետևաբար տնտեսվարողների մոտ առկա կոնյակի սպիրտների մնացորդների իրացման աջակցության նպատակով անհրաժեշտություն է առաջացել բարձրացնել դրանց մրցունակությունը և վերը նշված աջակցությունը մասնակիորեն շարունակել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը, որպեսզի տնտեսվարողները կարողանան իրացնել կոնյակի սպիրտի մնացորդները և մինչև 2024 թվականի խաղողի մթերումների սկսելը ունենան արտադրանքի պահման ազատ տարողություններ»,- նշված է հիմնավորման մեջ։