Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամսական 50 հազար դրամ է տրամադրվելու 2022թ. հունվարի 1-ից ընտանիքում երրորդ և հաջորդ նոր ծնված երեխայի համար. Նարեկ Մկրտչյան

Ամսական 50 հազար դրամ է տրամադրվելու 2022թ. հունվարի 1-ից ընտանիքում երրորդ և հաջորդ նոր ծնված երեխայի համար. Նարեկ Մկրտչյան
Հասարակություն
11:39, 23 декабрь 2021
Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Կառավարության հերթական նիստում քննարկվում է Ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին Կառավարության որոշման նախագիծը:

Ինչպես նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, այս նախագծի նպատակն է նպաստել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը և պետության կողմից լրացուցիչ երաշխիքներ տրամադրել այն ընտանիքներին, որոնք պլանավորում են երրորդ և հաջորդ երեխաների ծնունդը: «Նախագծով առաջարկվում է ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նոր ծնված երեխային նշանակել և վճարել դրամական աջակցություն ամսական 50 հազար դրամի չափով, մինչև երեխայի 6 տարեկանը լրանալը»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ որոշման դրույթները տարածվելու են այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվելու է 2022թ. հունվարի 1-ին կամ դրանից հետո՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
 
Նարեկ Մկրտչյանը նկատեց, որ երկվորյակ կամ ավելի թվով երեխաներ ծնվելու դեպքում հաշվի է առնվելու բարձր կարգաթվով երեխայի ծննդյան փաստը, և դրամական աջակցություն կտրամադրվի նոր ծնված բոլոր երեխաների համար:

Նա նաև նկատեց, որ 2025 թվականին ծրագրի 3 տարվա արդյունքներով կատարվելու է արդյունավետության գնահատում. «Աջակցության այս տեսակը կարող է դառնալ պետական նպաստի տեսակ և ամրագրվել օրենքում՝ ապահովելով սոցիալական ապահովության երաշխիք երկարաժամկետ հատվածում»: