Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամսական 50 հազարը կտրվի մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված երեխաների համար՝ մինչև նրանց 6 տարեկան դառնալը. Վարչապետ

Ամսական 50 հազարը կտրվի մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված երեխաների համար՝ մինչև նրանց 6 տարեկան դառնալը. Վարչապետ
Քաղաքականություն
11:53, 23 декабрь 2021
Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Կառավարության հերթական նիստում քննարկվում է Ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին Կառավարության որոշման նախագիծը:

Ինչպես նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար  Նարեկ Մկրտչյանը, առաջարկվում է ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նոր ծնված երեխային նշանակել և վճարել դրամական աջակցություն ամսական 50 հազար դրամի չափով, մինչև երեխայի 6 տարեկանը լրանալը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ պարզաբանեց, որ եթե ընտանիքում չորրորդ, հինգերորդ կամ վեցերորդ երեխան է ծնվում, նրանք նույնպես ստանում են դրամական աջակցություն: «Այս դրամական աջակցության վճարումը չի ազդում երեխայի ծննդյան միանվագ վճարման վրա, բայց ազդում է աղքատության նպաստի գնահատման ցուցանիշի վրա, այսինքն՝ մարդը «Փարոս»-ից զրկվում է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նկատեց, որ 2025 թվականին իրենք նորից կանդրադառնան ծրագրին՝ այն գնահատելու և հետագա շարունակության վերաբերյալ հարցը լուծելու համար. «Բայց մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված երեխաները մինչև նրանց 6 տարեկանը լրանալը իրենց ամսական վճարումները կստանան: Մի քանի օրից այս ծրագրի շահառուներին սպասում ենք»: