Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գայ համայնքում շահագործման հանձնված մանկապարտեզում պատգամավորները շինարարական որոշակի թերություններ են արձանագրել

Արմավիրում առաջիկա ամիսներին ամբողջությամբ ավարտին կհասցվեն Այգեվան, Գայ  և Արևիկ համայնքներում կառուցվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների շինարարական աշխատանքները։ 
 
Այգեվանի «Մոդուլային» տիպի մանկապարտեզի  ծրագրի արժեքը 920 մլն դրամ է։  Ծրագրի ֆինանսավորման աղբյուրը ՀՀ պետական բյուջեն է։

Ազգային ժողովի իշխող խմբակցության պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Գևորգ Պապոյանը և Արուսյակ Մանավազյանը, Արմավիրի մարզպետի հետ միասին ծանոթացան կառուցվող մանկապարտեզների  աշխատանքներին։
 
Գայ համայնքում  սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 110 երեխայի համար նախատեսված մանկապարտեզն արդեն հանձնվել է շահագործման։ Ծրագրի արժեքը 350 մլն դրամ է։  Պատգամավորները մարզպետի հետ միասին արձանագրեցին շինարարական որոշակի թերություններ, որոնք առաջիկայում կշտկվեն։
 
Արևիկ բնակավայրի մանկապարտեզը կառուցվող առաջին մոդուլային մանկապարտեզն է ողջ Հայաստանի Հանրապետությունում։ Այն նախատեսված է 144 երեխայի համար։ Ծրագրի արժեքը կազմում է մոտ 473 մլն դրամ։ Ֆինանսավորումը ՀՀ պետական բյուջեից է։ Աշխատանքները որոշ ժամանակ ձգձգվում էին, սակայն մի քանի ամսից մանկապարտեզը պատրաստ կլինի շահագործման։
 
Մարզպետ Դավիթ Խուդաթյանը նշեց, որ մարզում մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում՝ ուղղված տարբեր ենթակառուցվածքների կառուցմանն ու վերակառուցմանը․ ճանապարհաշինություն, դպրոցաշինություն։ Իսկ ահա Էջմիածնում արդեն իսկ մեկնարկել են հիվանդանոցի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները։