Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունն ընդունեց ԿԳՄՍ բյուջեն 2 մլրդ 942 մլն դրամով ավելացնելու մասին որոշման նախագիծը

Կառավարությունն ընդունեց ԿԳՄՍ բյուջեն 2 մլրդ 942 մլն դրամով ավելացնելու մասին որոշման նախագիծը
Քաղաքականություն
12:30, 06 май 2021
Կառավարության այսօրվա նիստում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ներկայցրեց նախարարության բյուջեն 2 մլրդ 942 մլն դրամով ավելացնելու մասին որոշման նախագիծը։ Նախագծով նախատեսվում է գումար հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին, փոքրաքանակ երեխաներով համալրված թվով 15 դպրոցի մոդուլային շենքերի կառուցման աշխատանքների շարունակականությունն ապահովելու համար, ինչպես նաև Արմավիրի մարզի Արևիկ համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման, և թվով 9 համայնքում նույն տիպի մանկապարտեզների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման և շինարարական աշխատանքների մեկնարկման համար։

Դումանյանը նշեց, որ նախատեսվում է փոքրաքանակ երեխաներով համալրված թվով 15 հանրակրթական դպրոցի մոդուլային շենքերի կառուցում՝ այս նպատակով նախատեսվում է տրամադրել 1,5 մլրդ դրամ, որտեղ ներառված են թվով 2 դպրոց Արագածոտնի մարզում, մեկ դպրոց Արարատի մարզում, մեկ դպրոց Արմավիրի մարզում, 2 դպրոց Գեղարքունիքում, 2` Լոռում, 3 դպրոց Սյունիքի մարզում, մեկական դպրոց Շիրակի և Վայոց Ձորի մարզերում և 2 դպրոց Կոտայքի մարզում։ Բոլոր դպրոցներում նախատեսված են լինելու ապաստարաններ և ենթադրվում է, որ այս դպրոցները դառնալու են նաև համայնքային կենտրոններ՝ մշակութային կենտրոն, սպորտային կենտրոն և այլն։

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզների կառուցումը վերաբերում է բոլոր մարզերին։ Այս նպատակի համար նախատեսվում է ծախսել 1 մլրդ 396 մլն դրամ։ Դումանյանը նշեց, որ Արմավիր մարզի Արևիկ համայնքի մսուր-մանկապարտեզը նախատեսվում է ավարտել այս տարի, որի համար նախատեսվում է 496 մլն դրամ։ Մնացած մարզերի համար նախատեսվում է 100-ական միլիոն դրամ, որպեսզի սկսեն աշխատանքները՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձևակերպում, մրցույթների հայտարարում և այլն։