Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրաքը ցանկանում է մեծացնել ՀՀ-ի հետ առևտրաշրջանառությունը. Քերոբյանն ընդունել է Դոկ Սուհալյան Մ․Խալիլ Ալ-Ջուբուրին

Իրաքը ցանկանում է մեծացնել ՀՀ-ի հետ առևտրաշրջանառությունը. Քերոբյանն ընդունել է Դոկ Սուհալյան Մ․Խալիլ Ալ-Ջուբուրին
Տնտեսություն
22:12, 12 ноябрь 2021
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դոկ Սուհալյան Մ․Խալիլ Ալ–Ջուբուրին։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Դոկ Սուհալյան Մ․Խալիլ Ալ-Ջուբուրը հայտնել է, որ Իրաքի Հանրապետությունը ցանկանում է ավելի սերտացնել հայ-իրաքյան հարաբերությունները և մեծացնել Հայաստանի հետ առևտրաշրջանառության ծավալները։ Նա շեշտել է Հայաստանի կարևորությունը Իրաքի համար, նաև  իր երկրում հայերի սիրված  լինելը, և կարծիք հայտնել, որ որակյալ աշխատանքի համար պետք է համագործակցել հենց հայերի հետ։

Դոկ Սուհալյան Մ․Խալիլ Ալ–Ջուբուրին առաջարկել է Բաղդադում անցկացնել երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի նիստը և հավելել, որ Իրաքը հետաքրքրված է Հայաստանի շինարարության և էներգետիկայի ոլորտներում մասնագիտացած ընկերությունների մասնակցությամբ իրենց երկրի վերակառուցման գործում։ Նա նաև Իրաքի Կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել հայկական ընկերություններին։

Վահան Քերոբյանը նույնպես հետաքրքրվածություն է հայտնել Իրաքի վերակառուցման գործում հայկական ընկերությունների մասնակցության հարցում և նշել, որ Հայաստանի Կառավարությունը ևս պատրաստ է աջակցել այն ընկերություններին, որոնք կմասնակցեն տվյալ գործընթացին։
Ներկայացնելով օտարերկրյա ընկերությունների լիցենզավորման տրամադրման  կարգի դյուրացմանն ուղված ՀՀ կառավարության կողմից իրականացված բարեփոխումները՝ նախարարն առաջարկել է Իրաքի Կառավարությանը դիտարկել հայկական ընկերությունների համար իրաքյան շուկա մուտք գործելու գործընթացը հեշտացնելու գործիքների ներդրումը։

Դոկ Սուհալյան Մ․Խալիլ Ալ–Ջուբուրին առաջարկել է այս և նմանատիպ հարցերը ներառել նախատեսվող միջկառավարական նիստի օրակարգում։
Նախարար Քերոբյանը հույս է հայտնել, որ նման հանդիպումները կնպաստեն երկու երկրների միջև առևտրի խթանմանը, մասնավորապես՝ թեթև արդյունաբերության, ոսկերչության, ադամանդագործության և դեղագործության ոլորտներում, հիշեցնելով դեղագործության ոլորտում Հայաստանի վերջին ձեռքբերումը՝ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրությունը։

Հանդիպման ավարտին նախարարն առաջարկել է իր իսկ գլխավորությամբ առևտրի, շինարարության և էներգետիկայի ոլորտների ներկայացուցիչների հետ կազմել գործարար պատվիրակություն՝ Իրաք այցելելու նպատակով: