Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որոշ տնտեսվարողներ հույս ունեին, որ մենք հունիսի 30-ին օրենքը կչեղարկեինք, և ոչինչ չեն ձեռնարկել. Պապոյանը՝ անկանխիկ գործառնությունների օրենքից բողոքների մասին

Որոշ տնտեսվարողներ հույս ունեին, որ մենք հունիսի 30-ին օրենքը կչեղարկեինք, և ոչինչ չեն ձեռնարկել. Պապոյանը՝ անկանխիկ գործառնությունների օրենքից բողոքների մասին
Տնտեսություն
18:56, 15 июль 2022
Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել անկանխիկ գործառնությունների մասին օրենքը, ըստ որի՝ կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը 300 հազար դրամը գերազանցող գործարքները, իսկ ֆիզիկական անձինք 500 հազար դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացնեն բացառապես անկանխիկ եղանակով։

Տնտեսվարող բոլոր սուբյեկտները պետք է անկանխիկ եղանակով առևտուր կատարելու հնարավորություն ունենան։ Ծրագրային ապահովումը իրականացնելու են երկու բանկ՝ «ԱԿԲԱ»-ն և «Ամերիա»-ն։ 

Օրենքի ընդունումից հետո բազմաթիվ դժգոհություններ և քննադատություններ հնչեցին։ Մասնավորապես «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ ղեկավար Փայլակ Թադևոսյանը նշեց, որ գործարքների անկանխիկի ներդրումն իհարկե լավ բան է, բայց պետությունը պետք է խրախուսի անկանխիկ գործարքները, փոխարենը այս օրենքով տնտեսվարողի վրա մինչև 3% բեռ է ավելանում՝ բանկերի միջնորդավճարի տեսքով։

Թադևոսյանն ասում է, որ եթե օրենքի նպատակներից մեկը կանխիկ դրամաշրջանառության նվազեցումն է, ապա անկանխիկի դեպքում նման վճարներ չպետք է սահմանվեին, դեռ հակառակը պետք է լիներ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ հակադարձեց, թե միշտ են եղել այդ միջնորդավճարները, այս օրենքով ուղղակի քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվում անկանխիկ գնումներ անելու բոլոր տնտեսվարողներից, այդ թվում՝ կենսաթոշակառուներին և նպաստառուներին, ովքեր հնարավորություն կստանան 10 տոկոսով ավելացնելու իրենց եկամուտները՝ անկանխիկ գնումներ անելու միջոցով։ «Աշխարհում մի երկիր ասեք, որտեղ բանկերը միջնորդավճար չեն պահում։ Դա ծառայության վճար է»,- ասաց Գևորգ Պապոյանը։

«Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ ղեկավարը նշեց նաև, որ ընդամենը երկու բանկ է այդ ծառայությունը մատուցում, և արդեն ահազանգեր ունեն, որ եթե ամսական անկանխիկ գործարքները 2 միլիոն դրամից պակաս լինեն, ապա ծառայության միջնորդավճարը 10 հազար դրամ է լինելու։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են երկու բանկերի միջև բաշխվել այս գործառույթները, Պապոյանն ասաց. «Այդ տնտեսվարողները պետք է 50 հազար դրամ ծախսեին, և այդ երկու բանկը իրենց վրա են վերցրել այդ ծախսը, մենք բանակցել ենք, խնդրել ենք, որ այդ ծախսը բանկերը իրենց վրա վերցնեն»։

Խոսելով նաև այն մասին, որ բանկերը չեն հասցնում բոլոր տնտեսվարողներին սպասարկել, և արդեն հուլիսի 15-ն է, ու բազմաթիվ տնտեսվարողներ դիմել են այդ ծառայությունից օգտվելու համար, բայց դեռ իրենց հերթը չի հասել, պատգամավորն ասաց, որ պետք է ավելի շուտ դիմեին։ «Էդ տնտեսվարողները հույս ունեին, որ մենք, օրինակ, հունիսի 30-ին այդ օրենքը կչեղարկեինք, և ոչինչ չեն ձեռնարկել, իսկ օրենքը ընունվել է ուժի մեջ մտնելուց 5-6 ամիս առաջ, հանրային քննարկման է դրվել դրանից 3  ամիս առաջ, պետք էր մինչ այդ պատրաստվել պատշաճ ձևով, հիմա պետք է գնալ և հարցը արագ լուծել, դիմադրությունն անիմաստ է, բանկերը հերթով կանեն»,- ասաց Պապոյանը։ 

Փայլակ Թադևոսյանի դիտարկմանը՝ եթե ամսական անկանխիկ գործարքները 2 միլիոն դրամից պակաս լինեն, ապա ծառայության միջնորդավճարը 10 հազար դրամ է կազմելու, Գևորգ Պապոյանն արձագանքեց, որ դա ևս ծառայության վճար է, և տարիներ շարունակ հազարավոր, տասնյակ հազարավոր գործարարներ այդպես են աշխատել, և այստեղ որևէ նորություն չկա։

Փայլակ Թադևոսյանը նաև  նշում է, թե կառավարությունն այս օրենքի վերաբերյալ հանրային իրազեկումը վատ է իրականացրել։ Բացի դրանից, օրենքի նախագիծը հանրային քննարկման է դրվել E-draft.am կայքում 2019 թվականի սեպտեմբերի 18-ից մինչև հոկտեմբերի 8-ը։ «Այս ընթացքում նախագծի քննարկմանը մասնակցած մոտ 300 օգտատերերից 95%-ը դեմ է քվեարկել։ Ներկայացվել է 14 առաջարկ, որոնց հիմնական մասը վերաբերել են հնարավոր խնդիրներին, որոնք ըստ էության անտեսվել են»,- ասաց Փայլակ Թադևոսյանը։

Չնայած Փայլակ Թադևոսյանը նշում է, որ ամսական 2 միլիոն դրամից պակաս անկանխիկ առևտուր անելու դեպքում տնտեսվարողները ստիպված են 10 հազար դրամ վճարել բանկին, բայց «Ամերիաբանկից», օրինակ, տեղեկացանք, որ խոսքը ոչ թե 2 միլիոնի մասին է, այլ ամսական 500 հազար դրամից պակաս անկանխիկ առևտուր անելու դեպքում է գործում այդ միջնորդավճարը։ Ամսական 500 հազար դրամից ավելի անկանխիկ գործարքներ անելու դեպքում տնտեսվարողները ստիպված չեն լինի վճարել այդ գումարը, սակայն յուրաքանչյուր գործարքից Arca քարտերով արված գործարքների դեպքում կգանձվի 1,1, իսկ Visa և Master քարտերով գործարքների դեպքում՝ 2,7 տոկոս միջնորդավճար։

Վովա Հակոբյան