Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կան առևտրային բանկեր, որոնք մատչելի սակագներով միացնելու են պոստտերմինալները՝ հուլիսի 1-ից արվող անկանխիկ գործարքների համար. ԿԲ նախագահի տեղակալ

Կան առևտրային բանկեր, որոնք մատչելի սակագներով միացնելու են պոստտերմինալները՝ հուլիսի 1-ից արվող անկանխիկ գործարքների համար. ԿԲ նախագահի տեղակալ
Հասարակություն
13:04, 16 июнь 2022
«Հուլիսի 1-ից 300.000 դրամից ավելի գործարքները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով, իսկ գրանցում պահանջող գործարքների դեպքում՝ 500.000 դրամը գերազանցող գումարը, սակայն 2023թ. հուլիսի 1-ից այդ 500.000 դրամը դառնալու է 300.000 դրամ»,- այսօր՝ հունիսի 16-ին, «Արմենպրեսի» սրահում ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը։ 

«Գրավատների համար բացառություն է սահմանվում, և նախատեսվում է, որ վարկեր տրամադրեն բացառապես անկանխիկ ձևով, եթե 2022թ. հուլիսի 1-ից այդ վարկի տրամադրման գումարը գերազանցի 80.000 դրամը։ Հետագայում՝ 2023թ. հունվարի 1-ից՝ 50.000 դրամը, 2024թ.-ից 20.000 դրամը գերազանցող բոլոր վարկերը, որոնք տալիս են գրավատները, պետք է տրամադրվեն անկանխիկ ձևով»,- հավելեց նա։

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանն էլ ընդգծեց, որ գրավատներից բացի, մյուս վարկատու կազմակերպությունները բացառապես անկանխիկ են տրամադրելու վարկը, իսկ վարկերի մարումները կարող են լինել կանխիկ։

ԿԲ նախագահի տեղակալի խոսքով՝ կան ոլորտներ, որտեղ անկանխիկ գործարքների համար գործում է 300.000 դրամից ավելի ցածր սահմանաչափ. «Օրինակ՝ պետական կառավարման մարմիններին կատարվող վճարումները, նոտարական գրասենյակներում, առողջապահական և կրթական հաստատություններում 0 սահմանաչափ է գործում, այսինքն՝ 2022թ. հուլիսի 1-ից վճարումները պետք է լինեն անկանխիկ»։ 

Հովհաննես Խաչատրյանը հավելեց, որ հիվանդանոցների պարագայում հուլիսի 1-ից անկանխիկի անցնում են միայն Երևանի հիվանդանոցները, մեկ տարի հետո՝ մարզկենտրոնների հիվանդանոցները, այնուհետև՝ բոլորը։ 

«Այսօր արդեն ֆինանսական կազմակերպությունները պատրաստ են այն բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, որոնք օրենքի իմաստով պետք է պոստտերմինալներ ունենան, իրենց մոտ ակտիվացնեն ՀԴՄ սարքերի վրա քարտերով վճարումների ընդունումը։ Իհարկե դա չի նշանակում, որ բոլորը պետք է ՀԴՄ-ներով վճարումներ ընդունեն, առանձին պոստտերմինալներ էլ կարող են տեղադրել, ուղղակի գնային առումով հասկանալով բազմահազար տնտեսվարողների մոտ այդ պոստտերմինալների տեղադրման անհրաժեշտությունը՝ էականորեն մատչելի է, որ ՀԴՄ սարքերն ակտիվացնեն»,- ասաց ԿԲ նախագահի տեղակալը։ 

Նրա խոսքով՝ երկու առևտրային բանկեր պատրաստակամություն են հայտնել և մեծ ծավալով բավականին մատչելի սակագներով միացնելու են պոստտերմինալները, և ակնկալելի է, որ բանկերի թիվն այս հարցում կընդլայնվի։