Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ում 300.000 ՀՀ դրամի շեմը գերազանցող գործարքները պետք է լինեն անկանխիկ. ՀՀ դրամով փոխանցումներն ու կանխիկացումն անվճար են, եթե ձեզանից գումար կգանձեն՝ խնդրում եմ տեղեկացրեք. ԿԲ նախագահի տեղակալ

ՀՀ-ում 300.000 ՀՀ դրամի շեմը գերազանցող գործարքները պետք է լինեն անկանխիկ. ՀՀ դրամով փոխանցումներն ու կանխիկացումն անվճար են, եթե ձեզանից գումար կգանձեն՝ խնդրում եմ տեղեկացրեք. ԿԲ նախագահի տեղակալ
Հայաստան
13:44, 11 январь 2022
Այսօր՝ հունվարի 11-ին, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված էր նաև «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Հիմնական զեկուցող՝ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշեց, որ օրենքի ամենակարևոր դրույթն այն է, որ քաղաքացին պետք է կարողանա ցանկացած պահի իր մոտ եղած անկանխիկ միջոցներով՝ վճարային քարտերով, մոբայլով, վճարումներ կատարել ծառայություններ և ապրանքներ գնելիս: «Պետությունը, բանկերը և տնտեսվարող սուբյեկտները պետք է կարողանան համատեղ աշխատելով ապահովել քաղաքացիների այս իրավունքը»,- ասաց ԿԲ նախագահի տեղակալը։

Ըստ հիմնական զեկուցողի՝ սա ունի նաև հանրային օգուտներ, մասնավորապես՝ ստվերի դեմ պայքարի հարցը: «Անկանխիկ վճարումները ուղիղ ճանապարհ են առանց ստվերի տնտեսություն ունենալու համար, և ֆինանսական միջնորդության աճի կարող են բերել՝ ծառայությունների որակի և տարածվածության տեսակետից։ Ինչպես նաև ֆինանսական ծառայությունների թվայնացման օրակարգը ԿԲ-ի ռազմավարությունների կարևորագույն հենասյուներից է՝ դրանում նախատեսվում են տարբեր տեխնոլոգիական լուծումներ, վճարահաշվարկային համակարգում թվային փոխակերպումներ, որոնք մատչելի են դարձնելու վճարային անկանխիկ համակարգի կիրառումը»,- հավելեց Ներսես Երիցյանը։ 

ԿԲ նախագահի տեղակալն ընդգծեց, որ հանրային մեծ նշանակություն ունեցող այն ընկերությունների ու ծառայությունների համար, որոնք պրոֆեսիոնալ են և ունեն բավարար միջոցներ ներդրումներ անելու, կանխիկի սահմանափակումն ավելի ցածր է դրված, իսկ ընդհանուր տնտեսության համար 300.000 ՀՀ դրամի շեմ է նախատեսված, այսինքն՝ դրանից բարձր բոլոր գործարքները պետք է լինեն անկանխիկ:

«Օրենսդրության քննարկման ընթացքում ամենամեծ դժգոհությունը այն է, որ անկանխիկ գործարքների միջնորդավճարները շատ բարձր են լինելու և մարդկանց համար թանկ են լինելու։ Սակայն օրենքում հստակ գրված է, որ քաղաքացու համար դա պետք է լինի անվճար։  Իսկ միջնորդավճարների համար ԿԲ-ն սահմանել է վերին և ներքին շեմ, և այդ գների մեջ կարգավորում կմտցնենք»,- ասաց նա։ 

Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն առաջարկեց օրենսդրության մեջ գրավատների մասով փոփոխություն անել. «Նախագծում գրված է գրավատների կողմից  20.000 ՀՀ դրամից ավելի վարկերը տրամադրվում են անկանխիկ եղանակով, առաջարկում եմ փոխել՝ գրավատների կողմից վարկերը տրամադրվում են բացառապես անկանխիկ եղանակով 80.000 ՀՀ դրամից ավելիի դեպքում՝ սկսած 2022թ. հուլիսի 1-ից, 2023թ. հունվարի մեկից՝ 50.000 ՀՀ դրամից բարձր վարկերի դեպքում անկանխիկ եղանակով, և 2024թ. հունվարի 1-ից՝ 30.000 դրամ և ավելի տրամադրվող վարկերի դեպքում»։ 

ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն ասաց, որ ընդունելի տարբերակ է։ Այսինքն՝ այն կներառվի որպես առանձին առաջարկ, կհամալրի փաթեթը և կքննարկվի լիագումար նիստերում։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց ԿԲ նախագահի տեղակալից՝ եթե ես Ձեզնից խնդրեմ մինչ վաղն առավոտ ինձ տրամադրել 320.000 դրամ, ինչո՞ւ այն պետք է բանկով փոխանցվի, և բանկին դրա համար փող վճարվի։  
«Նախ՝ ինձ մոտ այդքան կանխիկ գումար չկա, 6000-7000 դրամ է, ես կխնդրեի Ձեր քարտի կամ բանկի հաշվեհամարը և մի քանի րոպեում կփոխանցեի։ Դա բանկի միջոցով չեք տալիս, դա ձեր հաշվից եք փոխանցում՝ մեկի գրպանից մյուսի գրպանին էլեկտրոնային միջոցներով»,- պատասխանեց ԿԲ նախագահի տեղակալն ու հավելեց. «ՀՀ-ում ՀՀ դրամով փոխանցումներն ու կանխիկացումն անվճար են, եթե ձեզանից գումար կգանձեն՝ խնդրում եմ տեղեկացնեք»։

ԱԺ ՔՊ պատգամավոր Արուսյակ Մանավազյանն էլ հետաքրքրվեց, թե ո՞ր մարմինն է վերահսկելու ֆիզիկական անձանց միջև անկանխիկ գարծարքները, և վարչական պատասխանատվության մասը ինչպե՞ս է կարգավորվում, ինչին ի պատասխան ԿԲ նախագահի տեղակալը նշեց՝ կրկին ՊԵԿ-ը։ 

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պարագայում տնտեսվարողները պարտավոր են լինելու հաճախորդներից ընդունել անկանխիկ վճարումներ։ Օրենքը նախատեսվում է կիրարկել 2022թ. հուլիսի 1-ից։   
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին։