Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ներդրողը եկել էր Վարդենուտ, գյուղացիներին առաջարկեց 180 դրամ՝ հողերի քառակուսի մետրի համար, չհամաձայնեցին». ռուսաստանաբնակ գործարարը Արագած լեռան լանջին լեռնադահուկային նոր համալիր, նոր էկոգյուղ ու ջրամբար կկառուցի

«Ներդրողը եկել էր Վարդենուտ, գյուղացիներին առաջարկեց 180 դրամ՝ հողերի քառակուսի մետրի համար, չհամաձայնեցին». ռուսաստանաբնակ գործարարը Արագած լեռան լանջին լեռնադահուկային նոր համալիր, նոր էկոգյուղ ու ջրամբար կկառուցի
Տնտեսություն
19:10, 02 март 2023
Արագած լեռան լանջին լեռնադահուկային նոր համալիր, նոր էկոգյուղ ու ջրամբար կառուցելու մասին նախագիծն այսօր կառավարությունը հավանության արժանացրեց։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ նախագծով 4400 հեկտար տարածք է նախատեսված, որը վերաբերում է Վարդենուտ, Արագած, Շենավան, Արայի բնակավայրերին։ Էկոգյուղը կներառի 300 մինի ֆերմաներ կից հյուրատներով, լեռնադահուկային համալիրը կկառուցվի 30 կմ սահուղիներով, կգործեն հյուրանոցներ։ Ընդհանուր ներդրումային ծավալը կազմելու է 190 մլն դոլար։ 

Վահան Քերոբյանի խոսքով՝ ծրագիրը 2018թ.-ից քննարկվել է, սակայն հետաձգվել է կովիդով ու պատերազմով պայմանավորված։  Այժմ կառավարությունը քննարկում է 113 հեկտար հողատարածքը գերակա շահ ճանաչելու, իսկ 3643 հեկտարի համար երկարաժամկետ վարձակալության պայմանագիր կնքելու մասին հարցը։

Civic.am-ի հետ զրույցում Ապարան համայնքի Վարդենուտ բնակավայրի վարչական ղեկավար Կամո Սահակյանը նշեց, որ 113 հեկտարը, որը գերակա շահ է ճանաչվում, Վարդենուտ բնակավայրի բնակիչների սեփականությունն է. «1-2 տարի առաջ ներդրողները եկել են, հանդիպել են ժողովրդի հետ, քննարկումներ եղան, առաջարկում էին 180 դրամ՝ գյուղնշանակության հողերի քառակուսի մետրի համար։

Բայց գյուղացիները չհամաձայնեցին, ընդհանուր հայտարարի չեկան։ Ներդրողը ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Ցոլակի Գրիգորյանն է»։ 

Վարդենուտ բնակավայրի վարչական ղեկավարի խոսքով՝ թեպետ կառավարությունը 113 հեկտարը ճանաչում է գերակա շահ, սակայն ֆիքսված չէ, թե ինչ արժեքով բնակչին պետք է փոխհատուցեն։ 

Հարցին՝ բնակիչը վաճառելով իր հողը, օրինակ, 180 դրամով, կարո՞ղ է նույն որակի, նույն մետրական չափի հողատարածք ձեռք բերել ձեր բնակավայրում, Կամո Սահակյանն արձագանքեց. «Մենք ունենք 60 հեկտար համայնքային նշանակության հող, որը սեփականաշնորհված չէ, կարող է ցանկացողներ լինեն ու գումարի փոխարեն հողատարածք վերցնեն, կարելի է ասել՝ որակական առումով նույն հողն է»։

Վարդենուտ բնակավայրի վարչական ղեկավարի խոսքով՝  113 հեկտար հողը հնարավոր է մոտ 70-80 ընտանիքի պատկանի, և այն օգտագործվում է խոտ աճեցնելու համար, քանի որ բնակիչները անասնապահությամբ են զբաղվում: «Մենք ունենք նաև մոտ 500 հեկտար վարելահողեր, 100 հեկտար բնական խոտհարքներ և 120 հեկտար տնամերձ հողամաս»,- հավելեց մեր զրուցակիցն ու հիշեցրեց, որ դեռևս 1,5 տարի առաջ, երբ Ապարանում «Մայլեր» ընկերության կողմից կառուցվում էր առաջին լեռնադահուկային համալիրը, այդ ժամանակ գերակա շահ ճանաչվեցին Եղիպատրուշ բնակավայրի հողատարածքներից որոշ հեկտարներ ու վաճառվեցին էժան գնով. «Օրինակ՝ Եղիպատրուշում 70-130 դրամով են գնել հողերը, իսկ մեր հողերի համար 180 դրամ են առաջարկում»։  

Կամո Սահակյանի խոսքով՝ ծրագրի նպատակը 1200 աշխատատեղ ստեղծելն է: «Այնտեղ 300 փոքր տնակներ են լինելու, նշված գյուղերի երիտասարդ ընտանիքները կարող են գնալ այդ տնակներում ապրել և աշխատել։ Աշխատատեղերի հարցում նախապատվությունը տրվելու է նշված գյուղերի բնակիչներին։ Ուզում են էկոտուրիզմ զարգացնել, տուրիստը գա և թարմ մթերքից օգտվի։ Ես լավ եմ նայում այս գաղափարին, վերջապես պետք է գյուղը զարգանա»,- ասաց մեր զրուցակիցն ու հավելեց, որ իրենց գյուղում 906 բնակիչ կա։ 

Նշենք, որ ներդրումներն իրականացնող Ռուբեն Գրիգորյանը  «Ռուցոգ ինվեստ» ընկերության նախագահն է։ Այս ընկերությունը  Ռուսաստանում գործող խոշոր կառուցապատող հոլդինգ է։ Ռուբեն Գրիգորյանը նաև Մոսկվայի հայկական և ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիրն է, ինչպես նաև Մոսկվայի Հայկական եկեղեցական համալիրի շինարարության ղեկավարներից մեկը։

Ռուսաստանաբնակ գործարարը նպատակ ունի նաև արդիականացնելու Երևանում գործող Մանկական երկաթուղին. այս մասին այսօր կառավարության նիստում հավելեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն ու ընդգծեց, որ նախագիծն առաջիկայում կմտնի կառավարություն։  

Նարա Մարտիրոսյան