Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2023-ի առաջին եռամսյակում միջին աշխատավարձը աճել է, գնաճային ճնշումները՝ մեղմվել. պետական բյուջեի եկամուտները 2023-ին շարունակել են աճել բարձր տեմպերով

2023-ի առաջին եռամսյակում միջին աշխատավարձը աճել է, գնաճային ճնշումները՝ մեղմվել. պետական բյուջեի եկամուտները 2023-ին շարունակել են աճել բարձր տեմպերով
Տնտեսություն
12:09, 07 июль 2023
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց 2023-ի առաջին եռամսյակի բյուջեի կատարման հաշվետվությունը։ Հաշվետու ժամանակաշրջանում հիմնական գործընկեր պետություններում շարունակվում է գրանցվել տնտեսական աճ, բացառություն է միայն Ռուսաստանի Դաշնությունը։

Հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում գրանցվել է գնաճային ճնշումների թուլացում՝ պղնձի գները նվազել են 10,4 տոկոսով, մոլիբդենի գները աճել են 75 տոկոսով, նավթի գները նվազել են 17,7 տոկոսով, պարենի գները՝ 11,3։ Գրանցվել է արտահանման աճ, 81,2 տոկոսով աճել է զբոսաշրջիկների թիվը։ Առաջին եռամսյակում առկա տնտեսական ակտիվության բարձր տեմպեր՝ 12,2 տոկոս աճ հունվար-մարտ ամիսների ընթացքում, գնաճային ճնշումները թուլացել են։ Գործազուրկների թիվը նվազել է 16,4 տոկոսով, միջին ամսական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ աճել է 22,9 տոկոսով՝ կազմելով 261 հազար 500 դրամ. պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 189.000 դրամ, ոչ պետականում՝ 292.000։ Իրական աշխատավարձը 7,2 տոկոս գնաճի պայմաններում աճել է 14,6 տոկոսով։ Արտահանումը աճել է 2,3 անգամ, ներմուծումը՝ 127 տոկոսով։ Պետական բյուջեի եկամուտները 2023-ին շարունակել են աճել բարձր տեմպերով՝ պայմանավորված  բարձր տնտեսական աճով և հարաբերականորեն բարձր գնաճով։ Պետական բյուջեի ծախսերը առաջին եռամսյակում աճել են, սակայն ծրագրվածի համեմատ գրանցվել է էական թերակատարում՝ հատկապես կապիտալ ծախսերի մասով։

Ամենածախսող նախարարություններ են համարվում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՊՆ-ն,  ֆիննախը և ԿԳՄՍՆ-ն։ Պատկերը, ըստ նախարարի, տարվա ընթացքում փոխվելու է, և պաշտպանության նախարարության, ԿԳՄՍ-ի և տարածքային կառավարման նախարարությունների մասնաբաժինները էականորեն կավելանան։

Կառավարությունը նաև արտաքին վարկի մարումներ է կատարել։ Միաժամանակ գրանցվել է պետական պարտքի ավելացում, սակայն արտաքին պարտքը նվազել է, քանի որ կառավարությունը ավելի քիչ արտաքին պարտք է վերցրել՝ միաժամանակ կատարել է նախկինում վերցված վարկերի մարումներ։ 22 մլն դոլար պետական պարտքի տոկոսագումար է վճարվել և 52 մլն դոլար էլ՝ մայր գումար, 12,3 մլն դոլար վարկային նոր միջոցներ են ստացվել։ «Սա է պատճառը, որ արտաքին պարտքը առաջին եռամսյակում նվազել է»,- ասաց նախարարը։