Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունը տարվա կտրվածքով ակնկալում է ՀՆԱ-ի՝ 13.2 տոկոսը գերազանցող իրական աճ

Կառավարությունը տարվա կտրվածքով ակնկալում է ՀՆԱ-ի՝ 13.2 տոկոսը գերազանցող իրական աճ
Տնտեսություն
15:26, 15 декабрь 2022
Հայաստանում սպասվում է, որ 2022-ի արդյունքում համախառն ներքին արդյունքի 13.2 տոկոսը գերազանցող իրական աճ կարձանագրվի: Այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ 2022 թվականի պետական բյուջեի 9 ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկմանը: Նախարարը նախ անդրադարձավ մակրոտնտեսական զարգացումներին:

Այս տարվա առաջին 3 եռամսյակների ընթացքում եղել են աստիճանաբար նվազող տնտեսական ակտիվության ցուցանիշներ այն տնտեսություններում, որոնք ավանդաբար համարվում են Հայաստանի Հանրապետության տնտեսության հիմնական առևտրային գործընկերներ:  Միջազգային շուկաներում մետաղների գները ևս ազդեցություն ունեն Հայաստանի տնտեսական ակտիվության վրա, հատկապես Հայաստանի տնտեսության շահութաբերության վրա ազդում է պղնձի միջազգային գների, մոլիբդենի միջազգային գների դինամիկան: Այս երկուսը՝ դրական իմաստով: Իսկ նավթի միջազգային գները հակառակ ազդեցություն են ունենում. եթե դրանք աճում են, ապա Հայաստանի տնտեսական ակտիվության վրա ունենում են բացասական ազդեցություն, դա ծախսերի ավելացման էֆեկտ է ունենում:  Հունվար-սեպտեմբերի միջին գները 54 տոկոսով ավելի բարձր են եղել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

«Իսկ պարենի գները 9-ամսյա ժամանակահատվածում աճել են 19.5 տոկոսով, ինչը նույնպես բացասական ազդեցություն է ունեցել՝ սպառման տեսանկյունից: Սակայն, եթե արտադրողների տեսանկյունից մտածենք, գուցե և դրական ազդեցություն կարող ենք արձանագրել: Աշխարհում զարգացումները բացասական միտումներ են արձանագրել: Սակայն, դա ունի տարբերվող դրսևորում Հայաստանի տնտեսության դեպքում: 9 ամսվա տնտեսական ակտիվությունը կազմել է 14.1 տոկոս: ՀՆԱ-ի աճը 12.6 տոկոս է»,-ասաց Խաչատրյանը:

Նախարարի խոսքով՝ Հայաստանի տնտեսական զարգացումների վրա դրական ազդեցություն են ունեցել ՌԴ տնտեսության հետ միջազգային առևտուրը, զբոսաշրջիկների վիճակագրությունը, նաև ՌԴ-ից զուտ դրամական փոխանցումների զգալի աճը: 2022-ի 9 ամսվա ցուցանիշները նախորդ տարվա 9 ամսվա ցուցանիշների հետ համեմատելիս` աճ է նկատվում թե ապրանքների արտահանման, թե Հայաստան ժամանած զբոսաշրջիկների քանակի, և թե դեպի ՀՀ տնտեսություն զուտ դրամական փոխանցումների արժեքներում:

«Եվ դրանք առավել ընդգծված են հատկապես ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերությունների տեսանկյունից: 6-րդ ամսից սկսած՝ հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին տնտեսական ակտիվությունն առավել բարձր արժեքներ է ունեցել: Եվ դա շարունակվում է առ այսօր: Այս բոլորի ազդեցությամբ ակնկալում ենք, որ տարեկան թե տնտեսական ակտիվությունը, թե տնտեսական աճը բավական բարձր արժեքներ են արձանագրելու: Կարծում ենք, որ ՀՆԱ-ի 13.2 տոկոսը գերազանցող իրական աճ ենք արձանագրելու»,-ընդգծեց Խաչատրյանը: