Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվել է պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը

Քննարկվել է պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը
Հասարակություն
19:00, 05 сентябрь 2022
Մենք գործում ենք բարձր անորոշությունների պայմաններում եւ հաճախ ստիպված ենք լինում իրավիճակից պահանջվող որոշումներ կայացնել, որն էլ Կառավարությունը մեծ հաջողությամբ կատարում է: Այսինքն՝ մենք փորձում ենք արձագանքել ընթացիկ հարցերին եւ տվյալ իրավիճակում պահանջվող լուծումներ գտնել՝ տնտեսական ակտիվությունը բավարար բարձր պահելու համար: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը 2022 թ. պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկման ընթացքում:

Քննարկումը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ի ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ, որին մասնակցել են Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացուցիչներ ԿԲ-ից եւ ՊԵԿ-ից:

Ըստ Տիգրան Խաչատրյանի՝ 2022 թ. հունիսի 30-ի դրությամբ մոլիբդենի արժեքը 65,8 տոկոսով ավելի բարձր է եղել  նախորդ տարվա նույն ամսաթվի համամատ՝ կազմելով 45.892 դոլար: 2022 թ. առաջին կիսամյակում պղնձի միջազգային գներն աճել են 7.3 տոկոսով՝ կազմելով 9.753 դոլար մեկ տոննայի համար: Պարենի միջազգային գների ինդեքսը կազմել է 154, որը  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի դրությամբ 54 տոկոսով բարձր է եղել՝ ազդելով գնաճի ցուցանիշի վրա:

Ներկայացնելով տնտեսական ակտիվության ցուցանիշները՝ նշվել է, որ 6 ամիսների ընթացքում 38,7 տոկոս ակտիվություն է արձանագրվել ֆինանսական եւ ապահովագրական գործունեության բնագավառում, տեղեկատվության եւ կապի բնագավառում՝ 27,2 տոկոս: 29 տոկոսով աճել է կացության եւ հանրային սննդի կազմակերպությունների եւ 43,2 տոկոսով տրանսպորտային ծառայությունների բնագավառի տնտեսական ակտիվությունը: Ֆինանսների նախարարի խոսքով՝ ունեցել ենք նաեւ արդյունաբերության աճ, որը հիմնականում պայմանավորված է եղել մշակվող արդյունաբերության 15,1 տոկոս տնտեսական ակտիվությամբ: Տնտեսական ակտիվության ցուցանիշները գյուղատնտեսության բնագավառում նվազել են 8,8 տոկոսով, իսկ անասնաբուծության բնագավառում՝ 3 տոկոսով: Շինարարության մեջ գրանցվել է 27,2 տոկոս աճ, առեւտրում՝ 15,4 տոկոս աճ: Արձանագրվել է 11 տոկոս ՀՆԱ աճ:

Անդրադառնալով սպառողական գներին՝ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 12-ամսյա գնաճը կազմել է 10,3 տոկոս: Նրա դիտարկմամբ՝ հուլիս ամսվա արդյունքներով արձանագրվել է սպառողական գների նվազեցված ցուցանիշ:

Հարկային եկամուտներում, ըստ ֆինանսների նախարարի, նախատեսվածից բարձր աճ է արձանագրվել. 6 ամսվա արդյունքներով գրանցվել է 17-18 տոկոս անվանական աճ:

2022 թ. հունիսի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4 տրլն 55 մլրդ դրամ (9 մլրդ 932 մլն ԱՄՆ դոլար):

ՊԵԿ նախագահի տեղակալ Արտյոմ Սմբատյանը հանձնաժողովին ներկայացրել է հունվար-օգոստոս ամսվա ամփոփումը, ըստ որի՝ նշված ամիսներին ՊԵԿ-ի կողմից հավաքագրվել է 1 տրիլիոն 232 մլրդ դրամ հարկային եկամուտ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավելի է 250 մլրդ դրամով կամ 25,2 տոկոսով: Նրա դիտարկմամբ՝ հարկերի հավաքագրման տեմպը չի զիջում ՀՆԱ-ի մակրոտնտեսական ցուցանիշների տեմպին:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Արտյոմ Սմբատյանը ներկայացրել են պարզաբանումներ եկամուտների ավելացմանը զուգահեռ ծախսերի ավելացման խնդրի, փոխարժեքի վրա ներմուծման եւ արտահանման աճի  ազդեցության վերաբերյալ, անդրադարձել են տնտեսական աճի տեմպին, գնաճին, հարկեր-ՀՆԱ հարաբերակցությանը:

Պատգամավոր Միքայել Թումասյանը ներկայացրել է իր դիտարկումներն ու առաջարկությունները՝ աշխատանքների կատարման ավելի սահուն ընթացք ապահովելու նպատակով: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն առաջարկել է կազմակերպել աշխատանքային քննարկումներ, գույքագրել խնդիրները ու փորձել  լուծել առաջացած հարցերը: