Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշխատավարձ տեսակի եկամուտը բոլոր դեպքերում պետք է հարկվի միատեսակ կանոններով՝ անկախ այն հանգամանքից, թե այդ աշխատավարձ վճարող գործատուն հարկման որ համակարգում է գործում. ֆինանսների փոխնախարար

Աշխատավարձ տեսակի եկամուտը բոլոր դեպքերում պետք է հարկվի միատեսակ կանոններով՝ անկախ այն հանգամանքից, թե այդ աշխատավարձ վճարող գործատուն հարկման որ համակարգում է գործում. ֆինանսների փոխնախարար
Տնտեսություն
14:36, 28 июль 2023
«Միկրոբիզնեսի հարկման նոր կարգը ԱԺ-ի կողմից ընդունվել է դեռևս անցյալ տարվա վերջին, որով միկրոձեռնարկատիրության հարկման համակարգին առնչվող երեք խումբ փոփոխություններ են կատարվել, և դրանցից մեկը վերաբերում է միկրոբիզնեսի հարկման կարգի փոփոխությանը։ Նախկինում միկրոձեռնարկատիրության  վարձու աշխատողների եկամտային հարկը հարկվում էր ամսական 5000 դրամ, հաստատուն դրույքաչափով՝ անկախ մեծությունից,  մինչդեռ գիտենք, որ ընդհանուր կանոնը, որը կիրառվում է այլ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի վարձու աշխատողների համար, ենթադրում է 20 տոկոս դրույքային հարկի հաշվարկ»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով միկրոբիզնեսի հարկման նոր կարգի մասին՝ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։ 

Այնուհետև նա մի կարևոր շեշտադրում կատարեց առ այն, որ խոսքը տվյալ դեպքում ոչ թե միկրոձեռնարկատերերի՝ որպես բիզնես միավորների, հարկային պարտավորությունների կամ դրանց կարգի փոփոխության մասին է, այլ նրանց վարձու աշխատողների հարկային պարտավորությունների, ինչը շատ կարևոր է, որովհետև մեր ընկալման մեջ թյուր կարծիք ենք ձևավորել այն իմաստով, որ եկամտային հարկը վճարում են գործատուները, մինչդեռ իրականում այդպես չէ, եկամտային հարկ վճարողները աշխատավարձ ստացողներն են՝ վարձու աշխատողները, պարզապես հարկի հաշվարկման և վճարման մեխանիզմն է այնպիսին, որ ենթադրում է, թե գործատուներն են այդ հարկը հաշվարկելու, պահելու և վարձու աշխատողների փոխարեն վճարելու պետական բյուջե՝ որպես հարկային գործակալներ։

«Մեր իրականության մեջ ընդունված է, երբ գործատուն և վարձու աշխատողը համաձայնության են գալիս տնօրինվող աշխատավարձի շուրջ, և այս պարագայում ընկալումն այն է գործատուների մոտ, որ իրենք վարձու աշխատողներին վճարում են տնօրինվող հարկերի վճարումից հետո աշխատավարձ, գումարած իրենց հաշվին վճարում են եկամտային հարկ, մինչդեռ իրավական առումով բնավ այդպես չէ, և նրանք վճարում են անվանական աշխատավարձ, այսինքն՝ հարկերը ներառյալ,  ու որպես հարկային գործակալ՝ վարձու աշխատողների փոխարեն հաշվարկում, պահում և պետական բյուջե են փոխանցում եկամտային հարկը։ Այսինքն՝ իրավական դասական առումով հարկ վճարողները վարձու աշխատողներն են՝ որպես եկամուտ ստացողներ, և եթե հետևել եք նաև եկամտային հարկի մեկ այլ կարևոր փոփոխության, խոսքը ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգին է  վերաբերում: Այդ քննարկումների ամբողջ ընթացքում մենք ընդգծել ենք այն միտքը, որ պետք է մտածողություն փոխվի և ընկալում ձևավորվի առ այն, որ հարկ վճարողները ֆիզիկական անձինք են»,- ասաց նախարարի տեղակալը։

Ի հավելումն նա նշեց, որ իրենց կարծիքով՝ միատեսակ եկամուտը, տվյալ դեպքում աշխատավարձ տեսակի եկամուտը բոլոր դեպքերում պետք է հարկվի միատեսակ կանոններով՝ անկախ այն հանգամանքից, թե այդ աշխատավարձ վճարող գործատուն հարկման որ համակարգում է գործում՝ լինի այն միկրոձեռնարկատիրություն, շրջանառության հարկի համակարգ կամ հարկման ընդհանուր համակարգ, որովհետև խոսքը միևնույն տեսակի եկամտի մասին է, և հարկման հավասարության ու արդարության սկզբունքը, ըստ էության, ենթադրում է, որ այդ եկամուտը բոլոր ստացողների մոտ նպատակահարմար է հարկել միատեսակ կանոններով։