Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եկամտային հարկ վճարելու պարտադրանքը միկրոձեռնարկատիրոջը մղում է ստվերային դաշտ կամ էլ գների բարձրացման». ձեռնարկատերերը դժգոհում են, իսկ փորձագետներն արդարացնում օրենքի փոփոխությունը

«Եկամտային հարկ վճարելու պարտադրանքը միկրոձեռնարկատիրոջը մղում է ստվերային դաշտ կամ էլ գների բարձրացման». ձեռնարկատերերը դժգոհում են, իսկ փորձագետներն արդարացնում օրենքի փոփոխությունը
Տնտեսություն
19:33, 17 октябрь 2022
Հայաստանի կառավարությունն օրերս հավանություն է տվել միկրոձեռնարկատիրական ոլորտում փոփոխություններ անելու նախագծին։ 2020թ. միկրոձեռնարկատերերին տրված եկամտային հարկի արտոնությունը առաջարկվում է վերացնել։ ԱԺ-ում ընդունվելուց հետո օրենքն ուժի մեջ կմտնի 2023թ. հունվարի 1-ից։ 

Միկրոձեռնարկատերերը տարեկան մինչև 24 մլն շրջանառություն ունեցող ձեռնարկություններն են, որոնք ներկայումս ունեն մի շարք արտոնություններ, մասնավորապես ազատված են ԱԱՀ-ից, շահութահարկից, շրջանառության հարկ վճարելուց, ինչպես նաև եկամտային հարկից։

«Իրեն միկրոձեռնարկատեր հայտարարած անձը բնակարան վարձով տալիս կարող է պահանջել, որ ստացված եկամուտները չհարկվեն՝ այն դեպքում, երբ սովորական քաղաքացին իր բնակարանի վարձից պետությանը վճարում է 10 տոկոս եկամտային հարկ։ Փոխառություն տված միկրոձեռնարկատերը նույնպես կարող է պահանջել, որ ստացված տոկոսների եկամուտները չհարկվեն»,- հոկտեմբերի 6-ի կառավարության նիստում «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ ու լրացումներ առաջարկելիս ընդգծել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ու հավելել, որ օրենքի ընդունումից հետո միկրոձեռնարկատերը չի կարող խուսափել եկամտային հարկից։  
Ներկայումս միկրոձեռնարկատերն իր վարձու աշխատողի համար որպես հարկ վճարում է ամսական 5000 դրամ՝ անկախ աշխատավարձի չափից, մինչդեռ միկրոձեռնարկատիրության ոլորտից դուրս գործող գործատուներն իրենց աշխատողների համար վճարում են եկամտահարկ սահմանված աշխատավարձի 21 տոկոսի չափով։   

Խմորեղենի արտադրանքով զբաղվող միկրոձեռնարկատեր հանդիսացող «Սուսաննա Հակոբյան» ԱՁ-ն սկսել է իր գործունեությունը այս տարվա մարտ ամսին, ունի մեկ վարձու աշխատող՝ 120.000 դրամ աշխատավարձով։ 

Սուսաննա Հակոբյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ մինչ օրս աշխատողի համար ամսական 5000 դրամ է վճարել որպես եկամտահարկ։ Սակայն օրենքի ընդունումից հետո՝ հունվարի 1-ից, արդեն եկամտային հարկը 20 տոկոս (հունվարի 1-ից նվազում է եկամտային հարկը՝ 21 տոկոսից դառնալով 20 տոկոս) է հաշվարկվելու, և ամսական ավելի քան 25.000 դրամ եկամտային հարկ է վճարելու իր աշխատողի համար։

«Եթե մենք ունենայինք 3 կամ 4 աշխատող՝ ամեն աշխատողի համար ավելի քան 25 000 դրամ բեռ էր ավելանալու։ Այդ բեռը կամ կազդեր գնի վրա, կամ մեր եկամուտն այդքանով պակաս կլիներ։ Իսկ մեր եկամուտը նվազագույնի է բերված, հետևաբար արտադրանքի գինը ստիպված կլինեինք բարձրացնել»,- իր մտահոգությունը հայտնեց Սուսաննա Հակոբյանը։ 

Մեր հարցին՝ սա կարո՞ղ է խոչընդոտ հանդիսանալ, որ խուսափեք աշխատուժն ավելացնելու հարցում, միկրոձեռնարկատերն արձագանքեց. «Իհարկե, բացի աշխատանքի ընդունելուց՝ այս օրենքը մարդկանց մղում է նաև անօրինականությունների դաշտ։ Աշխատուժն ավելացնելու դեպքում արդեն գործատուն՝ միկրոձեռնարկատերը, կարող է նրանց գրանցել ոչ թե մեկ դրույքով, այլ կես դրույքով՝ 35.000 դրամով, և շատ դժվար կլինի հետևել, թե արդյոք գործատուն կե՞ս դրույքով է աշխատեցնում, թե՞ մեկ դրույքով։ Միկրոձեռնարկատիրոջը մղում են ստվերային դաշտ»,- հավելեց Սուսաննա Հակոբյանը։ 

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ ցանկացած միկրոձեռնարկատեր կողմ կլինի, որ իր եկամուտներն ավելանան, տարեկան շրջանառությունը մեծանա և անցնի տարեկան 24 մլն շրջանառությունից. «Եթե 24 մլն-ը բաժանում ենք օրերի՝ միկրոձեռնարկատիրոջ շրջանառությունը օրական կազմում է մոտ 70 հազար դրամ, թող 24 մլն-ը դառնա 40 մլն, մենք էլ 20 տոկոս եկամտային հարկ տանք, այդ դեպքում նաև այլ հարկատեսակները չեն ազդի մեր եկամտի վրա, բայց փոքր բիզնեսի համար օրական 70.000 դրամ շրջանառության պայմաններում եկամուտը կարող է կազմել ընդամենը 5000 դրամ»։ 

Մեր դիտարկմանը՝ կառավարության անդամների խոսքով՝ միկրոձեռնարկատերերից սահմանված եկամտային հարկ գանձելով կնպաստեն բիզնեսի խոշորացմանը, մեր զրուցակիցն արձագանքեց. «Ինչո՞վ է նպաստում, եթե ավելի շատ հարկեր են գանձում, դա ո՞նց է նպաստելու բիզնեսի աճին»։   
 

«Ամբերդ» ՀՊՏՀ հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանը, մեկնաբանելով կառավարության այս որոշումը, նախ ընդգծեց, որ Հայաստանում կա  40.000 միկրոձեռնարկատեր։ Սակայն, նրա խոսքով, այս թվի մեջ են նաև այն կազմակերպությունները, որոնք իրականում ավելի մեծ բիզնեսով են զբաղվում և մասնատել են իրենց բիզնեսը՝ մտնելու համար հարկային արտոնությունների դաշտ. «Ներկայումս միկրոձեռնարկությունների հարկման համակարգով փորձ էր արվել փոքր ձեռնարկությունների զարգացումը խթանել և խրախուսել նրանց խոշորացումը, բայց անհավասարության խնդիրը շատ լուրջ էր։ Օրինակ՝ համեմատաբար ավելի խոշոր կազմակերպությունը կարող էր իր բիզնեսը տրոհել հատվածների և յուրաքանչյուր հատվածում գործելով միկրոձեռնարկատիրության դաշտում՝ 24 մլն դրամ շրջանառության տիրույթում, ավելի քիչ հարկեր վճարել, իսկ այն կազմակերպությունը, որը նման քայլի չի գնում, այսինքն՝ իր գործունեությունը չի մանիպուլացնում հարկային արտոնություններից օգտվելու համար, մրցակցային առումով զիջում է մյուսին, և ամբողջ բիզնես դաշտը խեղաթյուրվում է»։  

Փորձագետն ընդգծում է՝ երբ բիզնեսի վարքագիծը փոխվում է ոչ իր հիմնական գործոններով՝ շուկայով, տնտեսական զարգացումներով, իր վաճառքներով պայմանավորված, այլ փոխվում է հարկման համակարգի տարբեր ռեժիմներում առավել բարենպաստ դիրքում հայտնվելու համար՝ դա հենց խեղաթյուրումն է, որն ամբողջ բիզնես համակարգում անհամաչափություններ է առաջացնում։

Մեր դիտարկմանը՝ այս դեպքում ավելի մեծ բիզնեսը կրկին կվերամիավորվի, սակայն փաստացի տուժելու է իրական միկրոձեռնարկատերը, փորձագետն արձագանքեց. «Միկրոձեռնարկատերերին արտոնությունը տրվել է 2020թ., և այս ընթացքում միկրոբիզնեսի զարգացման էական դինամիկա չի արձանագրվել։  Հետևաբար այս արտոնությունը հանելով՝ բացասական արդյունքներ կգրանցվեն, թե ոչ՝ հստակ չէ, չենք կարող ասել, որ լուրջ կոլապսի առջև կկանգնի փոքր բիզնեսը»։ 

Նարեկ Կարապետյանի խոսքով՝ արտոնությունների մասով միջազգային գրականության մեջ միանշանակ մոտեցում չկա, որ դրանք նպաստում են բիզնեսի զարգացմանը. «Միջազգային կազմակերպությունները նաև Հայաստանին խորհուրդ են տալիս նվազեցնել արտոնությունները, որովհետև դրանք ավելի շատ խեղաթյուրող ազդեցություն են ունենում, քան խթանում են փոքր բիզնեսի զարգացմանը»։ 

Հարցին՝ օրենքի ընդունումից հետո պետբյուջեի ծավալը նշանակալի կփոխվի՞, փորձագետն ընդգծեց. « Իհարկե ոչ, չեմ կարծում՝ դա մեծ թիվ լինի, բայց այստեղ ոչ թե լրացուցիչ միջոցներ հավաքելն է, այլ նպատակը բիզնես միջավայրի խեղաթյուրումը վերացնելն է»։    

Տնտեսագետ Աղասի Թավադյանն էլ մեզ հետ զրույցում շեշտեց, որ միկրոձեռնարկատերերը բյուջեի մեջ փոքր ծավալ են կազմում, և բյուջեն հիմնականում խոշոր և միջին ձեռնարկատերերի վճարած հարկերից է ավելանում: «Օրինակ՝ ամենախոշոր հարկային մուտքեր տվողը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է՝ 2022թ. առաջին կիսամյակում տվել է 104 մլրդ դրամի հարկային մուտքեր ՀՀ բյուջե, որն ընդհանուր հարկային մուտքերի 4-5 տոկոսն էր։ Օրենքի փոփոխման նպատակը ոչ թե բյուջե հավելելն է, այլ փոքր ձեռնարկատերերին ընդհանուր հարկային դաշտ հրավիրելը»,- ասաց տնտեսագետն ու ընդգծեց, որ ՀՀ բյուջեն 2022թ. առաջին 6 ամիսների ընթացքում 2021թ.-ի համեմատ աճել է մոտավորապես 25 տոկոսով, և հիմնական աճը խոշոր ձեռնարկատերերից հարկային մուտքերի ավելացումն է, որոնք 1000 խոշոր ձեռնարկատերերի հաշվով ավելացել են մոտ 30 տոկոսով։ 

 
Նարա Մարտիրոսյան